Երաժշտախմբեր

img-4_qSRCm.jpg

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ

Ստեղծման պատմություն

Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հիմնադրվել է 1981 թվականին։ Սկզբնական շրջանում այն գործել է «Շարական» անվամբ, որը կրել է մինչև 1985 թվականը։ Համույթի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), որի նախաձեռնությամբ ձևավորվել են համույթի ստեղծագործական ուղղությունն ու գաղափարական հիմքերը։

1987 թվականին «Տաղարան»-ի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը՝ համույթի գործունեությանը հաղորդելով նոր շունչ և ստեղծագործական ընդգրկում։ Նրա ղեկավարությամբ կարճ ժամանակում ձևավորվել է ծավալուն նվագացանկ, որն ընդգրկել է հայ հոգևոր, ժողովրդական և ազգային-հայրենասիրական երգերի բազմաթիվ բարձրարվեստ մշակումներ։ 1988 թվականին համույթը ստացել է պետական կարգավիճակ՝ հաստատելով իր առանձնահատուկ տեղը հայկական մշակութային կյանքում։

Երաժշտախմբի կազմ

«Տաղարան» համույթն առանձնանում է իր ինքնատիպ կատարողական կազմով, որտեղ ներդաշնակորեն համադրվում են մեներգիչների ու գործիքային կատարողների արվեստը։ Համույթում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ, որոնց համատեղ աշխատանքը ձևավորում է ոճական ճշգրտությամբ, հնչերանգային նրբությամբ և կատարողական ամբողջականությամբ առանձնացող արվեստ։

Գործիքային կազմ

Համույթի գործիքային կազմը միավորում է հայկական ավանդական և եվրոպական դասական երաժշտական գործիքներ՝ ստեղծելով առանձնահատուկ ու հարուստ հնչողություն։ Գործիքային կազմը ներառում է երկու ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, բլուլ, դուդուկ, քանոն, ուդ, սանթուր, լարային քառյակ՝ երգեհոն կամ կլավեսին, դաշնամուր։

Այս բազմազան կազմը հնարավորություն է տալիս «Տաղարան»-ին ներկայացնելու ինչպես հայ միջնադարյան հոգևոր երաժշտություն, այնպես էլ եվրոպական մինչդասական ու բարոկկո երաժշտություն՝ պահպանելով յուրաքանչյուրի ոճական առանձնահատկությունները։

Առաքելություն

«Տաղարան» համույթի հիմնական առաքելությունը հայ միջնադարյան երաժշտական ժառանգության վերարժևորումը, պահպանումն ու հանրահռչակումն է։ Համույթը կոչված է համերգային բեմ բարձրացնելու և լայն լսարանին ներկայացնելու հայ հոգևոր երգարվեստի գանձերը՝ առաջին հերթին V-XV դարերի շարականներն ու տաղերը։

Միաժամանակ «Տաղարան»-ի գործունեության կարևոր ուղղություններից է հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի և նվագների նոր մեկնությամբ ներկայացումը՝ ազգային երաժշտական ժառանգությանը հաղորդելով նոր շունչ և արդիական հնչողություն։

Ձեռքբերումներ

Տարիների ընթացքում «Տաղարան»-ը ձևավորել է հարուստ և բազմաժանր նվագացանկ, որն ընդգրկում է ավելի քան 350 մշակում։ Համույթի ստեղծագործական ձեռքբերումների շարքում առանձնանում են «Կարոս խաչ» վիպերգությունը, Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա գրված «Վարք հիմարաց» խաղերգությունը, ինչպես նաև «Հորովելների շարքը», «Քոչարիների շարքը» և Բալուի շրջանի երգերն ու պարերգերը։

Համույթի ծրագրերում առանձնահատուկ տեղ ունեն նաև երաժշտական այն նախագծերը, որոնք միտված են հայկական երգարվեստի քիչ հայտնի կամ գրեթե անհայտ շերտերի բացահայտմանը և նորովի ներկայացմանը։

Համագործակցություն

Տարիների ընթացքում «Տաղարան»-ը բազմիցս ներկայացրել է հայկական երաժշտարվեստը միջազգային բեմերում՝ համերգներով հանդես գալով Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, ինչպես նաև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում։ Համույթի շրջագայությունների աշխարհագրությունը ներառում է Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը և այլ երկրներ։

Վերջին տարիներին համույթը շարունակել է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը՝ ներկայացնելով թեմատիկ և հեղինակային համերգաշարեր։

2021 թվականին Տեղերի վանքում կայացած բացօթյա համերգը համախմբել էր ոչ միայն տեղի բնակիչներին, այլև տարբեր համայնքների երաժշտասեր հանդիսատեսին։ Նույն թվականին մեկնարկել է «Հայկական խճանկար» համերգաշարը, որի շրջանակում հանրությանը ներկայացվում են հայկական քիչ հայտնի երգեր և նվագներ։

2022 թվականին կայացել է «Հայկական խճանկար» շարքի հերթական ծրագիրը, ինչպես նաև Հասմիկ Սարգսյանի և Սեդրակ Երկանյանի «Գեղջկական տաղիկներ» գրքի շնորհանդես-համերգը։

2023 թվականին «Տաղարան»-ը համագործակցել է աշխարհահռչակ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանի հետ՝ ներկայացնելով Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններ։ Նույն թվականին համույթը ներկայացրել է նաև հայկական հարսանեկան-ծիսական երգերին նվիրված «Հարսանեկան» շարքը։

2024 թվականին համույթի ծրագրերում առանձնացել են Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված «Նվիրում Կոմիտասին» համերգը և գուսան Շահենի 115-ամյակին նվիրված երաժշտական երեկոն։

2025 թվականին «Տաղարան»-ը ներկայացրել է «Viva España» համերգային ծրագիրը՝ նվիրված իսպանական սարսուէլային, ինչպես նաև «Արքայական հոնչեր, ձոներգեր և օրհներգ» բացառիկ նախագիծը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ հնչել են տարբեր դարաշրջանների արքայական ու ազնվական միջավայրերի երգեր և մադրիգալներ։

Շրջագայություններ

Համույթը համերգներով հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում և արտերկրում՝ բազմիցս արժանավայել ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը միջազգային բեմերում։ «Տաղարան»-ի շրջագայությունների աշխարհագրությունը ներառում է Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան, Բուլղարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը և այլ երկրներ։

Գեղարվեստական ղեկավար

1994 թվականից առ այսօր «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր Սեդրակ Երկանյանը։ Նա ծնվել է 1954 թվականին Լենինականում (ներկայիս Գյումրի), երաժշտական կրթություն ստացել Լենինականի միջնակարգ երաժշտական դպրոցում, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։ 1973-1978 թվականներին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, իսկ 1990-1992 թվականներին՝ նույն կոնսերվատորիայի խմբավարական բաժնում։

1978-2000 թվականներին եղել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի դաշնակահար-կոնցերտմայստերը։ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ «Տաղարան»-ը շարունակել է իր ստեղծագործական ընթացքը՝ պահպանելով համույթի գեղագիտական սկզբունքները՝  միաժամանակ ընդլայնելով իր ծրագրային ու կատարողական հնարավորությունները։ 2012 թվականին նա արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։

Մասնաճյուղի ղեկավար՝

 


Поделиться
Класс
Տեգեր