Կոմիտասի անվան ազգային քառյակ
Երաժշտախմբի կազմ
Կոմիտասի անվան քառյակի մեկդարյա գործունեության ընթացքում անսամբլի կազմում ելույթ են ունեցել տարբեր սերունդների նշանավոր երաժիշտներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն ոճով և առանձնահատկություններով, սակայն պահպանվել է ազգային այն դիմագիծը, որը բնորոշ է միայն քառյակին:
Քառյակը 2016 թվականից հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Էդուարդ Թադևոսյան, Սյուզի Երիցյան, Ալեքսանդր Կոսեմյան, Անժելա Սարգսյան։
Ստեղծման պատմություն
Քառյակը հիմնադրվել է 1924 թվականի նոյեմբերին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ։
1925 թվականին պրոֆեսոր Ե. Մ. Գուզիկովի ղեկավարությամբ սկսվել է անսամբլի ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ 1925-1931 թթ. քառյակը համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և Հայաստանում, իսկ 1931-ին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական քառյակի կոչման: 1932 թվականին՝ դեռևս հանճարեղ երգահանի կենդանության օրոք, քառյակն արժանացել է Մեծն Կոմիտասի անունը կրելու պատվին:
Առաքելություն
Կոմիտասի անվան քառյակը թևակոխում է իր գործունեության երկրորդ հարյուրամյակ՝ հավատարիմ մնալով հայ և համաշխարհային դասական երաժշտության հանրահռչակման, աշխարհում ազգային կատարողական արվեստը արժանապատվորեն ներկայացնելու և կոմիտասյան ժառանգությունը պահպանելու իր առաքելությանը։
Մեծն Կոմիտասի անունը կրելը մշտապես պարտավորեցրել է քառյակին նվիրվել հայ ազգային երաժշտության զարգացման և տարածման գործին։ Դեռևս 1930-ականներից սկսած, Կոմիտասի երկերը առանցքային տեղ են գրավել քառյակի արվեստում։ Քառյակի թավջութակահար Սարգիս Ասլամազյանը՝ մշակելով այդ երկերը և փոխադրելով քառյակի համար՝ վարպետորեն վերարտադրել է դրանց ոճն ու գեղարվեստական էությունը։ Արդյունքում այդ մշակումները՝ հայտնի «մանրանվագները»՝ «Կաքավիկ», «Հաբրբան», «Վաղարշապատի պար», «Շուշիկի» և այլն, սիրվել ու բարձր են գնահատվել ոչ միայն հայ հանդիսատեսի շրջանում, այլև ամենուր։ Այդ հանրահայտ մանրանվագները դարձել են քառյակի այցեքարտը. առ այսօր խմբի ամեն համերգային ծրագիր ունենում է կոմիտասյան բաժին, որին ունկնդիրները սպասում են անհամբերությամբ:
Քառյակը հանդես է գալիս որպես մշակութային կամուրջ՝ միավորելով ժամանակներն ու սերունդները՝ արվեստի լեզվով փոխանցելով ազգային ինքնության խորքային շերտերը։
Ձեռքբերումներ
Քառյակի ստեղծագործական ուղին նշանավորվել է երաժշտական աշխարհում բացառիկ ձեռքբերումներով և կամերային արվեստում ունեցած անվիճելի ներդրումով։
1934 թվականին քառյակին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում:
1938 թվականին քառյակն արժանացել է համամիութենական լարային քառյակների մրցույթի առաջին մրցանակին։
1938 թվականին քառյակի երաժիշտներն արժանացել են Հայկական ԽՍՀ վաստակավոր, իսկ 1945-ին՝ ժողովրդական արտիստների կոչումների:
Կոմիտասի անվան քառյակը խթանել է կվարտետային ժանրի զարգացումը Հայաստանում: Երաժշտախմբի գոյությունն ինքնին ոգեշնչում էր կոմպոզիտորներին՝ ստեղծելու նոր կվարտետներ: Արամ Խաչատրյանը Կոմիտասի անվան քառյակն անվանել է «հայ երաժշտական մշակույթի զարդը»։
Կոմիտասի անվան քառյակի կենսունակությունն իրապես բացառիկ է․ նրա գործունեությունը շարունակվել է մեկ դար՝ չընդհատվելով նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Քառյակն իր ազգային կերպարի, կատարողական ինքնատիպության, տասնամյակների ընթացքում ձևավորված գեղարվեստական կայուն ավանդույթների, հարուստ նվագացանկի և հագեցած համերգային գործունեության շնորհիվ վաստակել է ճանաչում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։
Համագործակցություն
Կոմիտասի անվան ազգային քառյակը համագործակցել է համաշխարհային երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչների հետ, որոնց թվում են Դմիտրի Շոստակովիչը, Սվյատոսլավ Ռիխտերը, Էմիլ Գիլելսը, Մստիսլավ Ռոստրոպովիչը և այլք։ Դ․ Շոստակովիչի հեղինակային համերգներին մասնակցությունը և նրա հետ համատեղ ելույթները քառյակի գործունեության ուշագրավ էջերից են։ Նրա դաշնամուրային կվինտետը, բարդ ստեղծագործություն լինելով, պահանջում էր կատարողական բացառիկ հմտություններ, և քառյակը հրաշալի էր կատարում այն՝ հավատարիմ մնալով հեղինակի մտահղացմանը, մանավանդ որ անսամբլի հետ ելույթ էր ունենում ինքը՝ Շոստակովիչը՝ որպես դաշնակահար։
Բազմաթիվ հայ և այլազգի կոմպոզիտորներ իրենց ստեղծագործությունները նվիրել են քառյակին: «Հայ կոմպոզիտորներից շատերիս համար ի սկզբանե Կոմիտասի անվան քառյակը եղավ ստեղծագործական լաբորատորիա և ոսկե կամուրջ՝ մեր և ունկնդրի միջև: Մենք քառյակին պարտական ենք թե՛ որպես ունկնդիր և թե՛ որպես հեղինակ՝ մեր ստեղծագործությունների երջանիկ ճակատագրի համար: Այդ փոքրաթիվ ստեղծագործական կոլեկտիվը մեզ համար և՛ քառյակ էր, և՛ սիմֆոնիկ նվագախումբ, և մենք նրան ենք վստահել մեր ամենանվիրական զգացումները, որոնք նա հավատարմորեն հասցրել է ունկնդրին»,— նշել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը։
Շրջագայություններ
Քառյակը խորհրդային առաջին երաժշտախումբն էր, որը հետպատերազմյան շրջանում՝ 1953 թվականին, մեկնեց արտասահմանյան հյուրախաղերի։ Այդ շրջանի փայլուն ելույթները քառյակին բերեցին միջազգային ճանաչում, հիացական գրախոսականներ, մասնագետների ու երաժշտասերների ամենաբարձր գնահատականներ Հին ու Նոր աշխարհներում։ 1963 թվականին հայ երաժիշտների արվեստով հիացած ամերիկյան մամուլը քառյակը դասեց աշխարհի լավագույնների շարքը՝ նշելով, որ ունկնդիրների մտքի ու հոգու վրա նրա ազդեցությունն այնքան ուժգին էր, որ հալեցրեց «սառը պատերազմի» սառույցը։
Քառյակն իր գործունեության ընթացքում շրջագայել է աշխարհի ավելի քան 50 երկրներում՝ մեծ հաջողությամբ հանդես գալով ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրիայում, Միացյալ Թագավորությունում, Նորվեգիայում, Գերմանիայում և այլուր։
Տոնելով իր հիմնադրման հոբելյանն ու վերարժևորելով իր մեկդարյա ուղին՝ քառյակը այսուհետ ևս շարունակելու է շրջագայել աշխարհով մեկ՝ կատարողական բարձր արվեստով տարածելու համար հայ և համաշխարհային երաժշտության նվաճումները։
Գեղարվեստական ղեկավար
Էդուարդ Թադևոսյան
Քառյակի կենսունակությունն ու երկարակեցությունը ապահովելու գործում առանցքային դեր են ունեցել նրա երկու նվիրյալ գեղարվեստական ղեկավարները՝ Ավետ Գաբրիելյանը՝ 1924-1976 թթ. և Էդուարդ Թադևոսյանը՝ 1976 թվականից առ այսօր: Քառյակի հիմնադիր, ականավոր երաժիշտ Ավետ Գաբրիելյանը 52 տարի անընդմեջ ղեկավարել է քառյակը՝ հաստատելով նրա գեղարվեստական սկզբունքների և ոճային ինքնության հիմքը։
1976 թվականից գեղարվեստական ղեկավարի և առաջին ջութակահարի պատասխանատվությունը ստանձնել է Էդուարդ Թադևոսյանը, ով շարունակել է ձևավորված ավանդույթների զարգացումը՝ դրանք համադրելով ժամանակակից երաժշտական մտածողության հետ։ Նրա ղեկավարությամբ քառյակը պահպանել է իր գեղարվեստական շարունակականությունն ու ներքին ներդաշնակությունը՝ ապահովելով կոլեկտիվի կայուն ստեղծագործական ընթացքը։
Մասնաճյուղի ղեկավար
Սամվել Մեսրոպյան