Նորություններ

jpg-52_D7Q50.jpg
03 06 2026

Համագործակցության հուշագիր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Ճախրուկի» միջև

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ճախրուկ» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը հաստատել են իրենց փոխադարձ համագործակցությունն ու պատրաստակամությունը՝ համատեղ իրականացնելու մշակութային և ներառական ծրագրեր։

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մշակութային կյանքի ակտիվացման, ազգային երաժշտարվեստի հանրայնացման, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մշակութային ներգրավվածության խթանման ուղղություններով։

Համագործակցության առանցքային նախաձեռնությունը «Ճախրուկ» միջազգային ներառական 6-րդ փառատոնն է, որը կկայանա 2026 թվականի օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և նրա կազմում գործող Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի ու Երևանի պետական կամերային երգչախմբի համագործակցությամբ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենությունն ու աշխատակիցները, ինչպես նաև երաժշտախմբերի գեղարվեստական ղեկավարներն ու երաժիշտները օրերս այցելել էին «Ճախրուկ» կենտրոնի սաներին՝ ծանոթանալու նրանց գործունեությանը և կենտրոնում իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում «Ճախրուկի» սաները հյուրերին ներկայացրել են մի քանի երաժշտական համարներ՝ մշակված հատուկ իրենց համար։ Այնուհետև Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի և Երևանի պետական կամերային երգչախմբի երաժիշտները «Ճախրուկի» սաների հետ միասին հանդես են եկել համատեղ ելույթներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գալիք փառատոնի մանրամասները՝ կազմակերպչական հարցերը և երաժշտական ծրագիրը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Համագործակցության հուշագրի հանդիսավոր ստորագրումը։

«Ճախրուկի» մասին.

«Ճախրուկ»-ը հիմնադրվել է 2019 թվականին Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների կողմից՝ նպատակ ունենալով մանկատան սաներին ծանոթացնել և ուսուցանել հայ ազգային երգն ու երաժշտությունը։

Փառատոնի առանցքային գաղափարախոսությունն է․

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։

2021 թվականից «Ճախրուկ»-ը վերածվել է ամենամյա միջազգային ներառական փառատոնի, որը միավորում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների և մեծահասակների, մասնագիտացված մանկատների, ցերեկային խնամքի և աջակցության կենտրոնների սաների, ինչպես նաև հանրակրթական ու արվեստի դպրոցների աշակերտների։

Նախորդ տարիներին փառատոնը կայացել է Հայաստանի տարբեր խորհրդանշական վայրերում՝ Վանաձորի կենտրոնական հրապարակում, Սաղմոսավանքում, Գյումրու կենտրոնական հրապարակում, Տավուշի մարզի Գոշ գյուղում և Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Поделиться
Класс
Լրահոս