Երաժշտախմբեր

920434191027479313984966205494033456824320o_FlBH4.jpg

Հայաստանի պետական կամերային երգչախումբ

Ստեղծման պատմություն

Հայաստանի կամերային երգչախումբը հիմնադրվել է 2000 թվականին՝ «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ։ 2008 թվականին երգչախումբը ստացել է  պետական կարգավիճակ և վերանվանվել Հայաստանի պետական կամերային երգչախումբ՝ ընդգրկվելով ՀՀ մշակույթի նախարարության համակարգում։
Ստեղծման առաջին իսկ տարիներից կոլեկտիվը ձևավորվել է որպես ազգային և համաշխարհային երաժշտական արժեքների կրող և տարածող կառույց՝ արագորեն զբաղեցնելով իր արժանի տեղը Հայաստանի մշակութային կյանքում։

Երաժշտախմբի կազմ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը կազմված է 30 բարձրակարգ պրոֆեսիոնալ կատարողներից, որոնք համադրում են ակադեմիական կատարողական բարձր մշակույթը և երաժշտական խորքային մտածողությունը։ Երգչախմբի կազմը մշտապես համալրվում է փորձառու և երիտասարդ տաղանդավոր երգիչներով՝ ապահովելով հնչողության միասնականություն, ճկունություն և բարձրարվեստ արտահայտչականություն։

Առաքելություն

Երգչախմբի առաքելությունն է պահպանել և նոր շունչ հաղորդել խմբերգային արվեստի բարձրագույն ավանդույթներին՝ դրանք վերածելով կենդանի, ժամանակակից և համամարդկային լեզվի․ համադրելով համաշխարհային երաժշտական ժառանգությունն ու հայ կոմպոզիտորական դպրոցի եզակի արժեքները՝ կոլեկտիվը ձևավորում է մշակութային կամուրջ, որը միավորում է Հայաստանը և միջազգային երաժշտական աշխարհը։ Իր գործունեությամբ երգչախումբը ոչ միայն ներկայացնում է արդեն ստեղծված արժեքները, այլև խթանում նոր երաժշտության ծնունդը՝ համագործակցելով ժամանակակից հեղինակների հետ և առաջ մղելով ստեղծագործական նորարարությունը։ Միևնույն ժամանակ, այն իրականացնում է կարևոր կրթական և հասարակական առաքելություն՝ արվեստը դարձնելով հասանելի, ձևավորելով գեղարվեստական բարձր ճաշակ և փոխանցելով երաժշտական մշակույթի շարունակականության գաղափարը՝ որպես ազգային ինքնության և համամարդկային արժեքների ներդաշնակ արտահայտություն։

Ձեռքբերումներ

Երգչախմբի կարևորագույն ստեղծագործական նվաճումներից է Տիգրան Մանսուրյանի «Ars Poetica» երգչախմբային կոնցերտի ձայնագրությունը, որը թողարկվել է միջազգային հեղինակավոր ECM Records ընկերության կողմից։ Այս աշխատանքը արժանացել է համաշխարհային երաժշտական հանրության բարձր գնահատականին՝ ստանալով «5 աստղ» առավելագույն վարկանիշը և ընդգրկվելով հեղինակավոր երաժշտական ժողովածուներում՝ հաստատելով կոլեկտիվի կատարողական արվեստի բարձրագույն մակարդակը։

Երգչախումբը տարիների ընթացքում արժանացել է միջազգային ճանաչման՝ մասնակցելով հեղինակավոր փառատոնների և համերգային ծրագրերի Եվրոպայում, Ամերիկայում և այլ տարածաշրջաններում։ Այն բազմիցս ներկայացրել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ կյանքի կոչելով ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները և հարստացնելով խմբերգային արվեստի ժամանակակից հնչերանգը։

Կոլեկտիվի գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ կոմպոզիտորական դպրոցի ստեղծագործությունների կատարումն ու տարածումը։ Երգչախումբը մշտապես հանդես է գալիս Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների պրեմիերաներով՝ նպաստելով ազգային երաժշտության միջազգային ճանաչմանը։ Երգչախմբի ծավալուն և բազմաբնույթ երգացանկում ընդգրկված են Գաբրիելլիի, Յոհան Սեբաստիան ԲախիՅոհաննես Բրամսի, Վասքսի, Շնիտկեի և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի մի շարք նշանավոր բեմերում և մշակութային կենտրոններում՝ հանդես գալով ինչպես ինքնուրույն ծրագրերով, այնպես էլ սիմֆոնիկ նվագախմբերի հետ համատեղ։ Հատկանշական է 2021 թվականին Ռավեննայի փառատոնին մասնակցությունը՝ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտտիի ղեկավարությամբ, որը դարձավ կոլեկտիվի միջազգային գործունեության կարևորագույն փուլերից մեկը։

Երաժշտական գործունեությանը զուգահեռ երգչախումբը իրականացրել է նաև մշակութային և կրթական ծրագրեր՝ նպաստելով խմբերգային արվեստի տարածմանը Հայաստանում և արտերկրում։ Այն հանդես է եկել կրթական հաստատություններում, մարզերում և զորամասերում՝ ապահովելով արվեստի հասանելիությունը լայն հանրության համար և ձևավորելով նոր սերնդի երաժշտական ճաշակը։

Համագործակցություն

Երգչախումբն իր գործունեության ընթացքում ձևավորել է բարձրակարգ և բազմաշերտ համագործակցային դաշտ՝ ներգրավվելով միջազգային հեղինակավոր երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի և մշակութային հաստատությունների հետ համատեղ նախագծերում։ Հատկանշական է համագործակցությունը աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտտիի հետ, որի ղեկավարությամբ կոլեկտիվը հանդես է եկել խոշոր երաժշտական ծրագրերում՝ ներկայացնելով բարձրարվեստ և լայն արձագանք ստացած կատարումներ։

Կոլեկտիվը մշտապես մասնակցում է համատեղ համերգների, միջազգային փառատոնների և հատուկ նախագծերի, որոնց շրջանակում ներկայացվում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից երաժշտության բազմաժանր ծրագրեր։ Այս համագործակցությունները ոչ միայն նպաստում են կատարողական մակարդակի շարունակական զարգացմանը, այլև ստեղծում են ստեղծագործական երկխոսության հարթակ՝ միավորելով տարբեր մշակույթներ և երաժշտական ավանդույթներ։

Երգչախումբը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ժամանակակից կոմպոզիտորների հետ համագործակցությանը՝ իրականացնելով համաշխարհային և ազգային պրեմիերաներ, խթանելով նոր ստեղծագործությունների ստեղծումը և դրանց ներառումը միջազգային համերգային շրջանառության մեջ։ Այս գործընթացում կոլեկտիվը հանդես է գալիս ոչ միայն որպես կատարող, այլև որպես ակտիվ մշակութային գործընկեր՝ նպաստելով երաժշտական նոր մտածողության ձևավորմանը։

Շրջագայություններ

Երգչախմբի միջազգային գործունեությունը բնութագրվում է լայն աշխարհագրությամբ և բարձրարվեստ շրջագայություններով, որոնց շրջանակում կոլեկտիվը հանդես է եկել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ տարածաշրջանների առաջատար մշակութային կենտրոններում՝ Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ և այլ երկրներում։ Յուրաքանչյուր ելույթ վերածվել է ոչ միայն համերգային իրադարձության, այլև հայկական մշակույթի ներկայացման ազդեցիկ հարթակի՝ արժանանալով մասնագիտական շրջանակների և հանդիսատեսի բարձր գնահատականին։

Երգչախումբը ելույթներ է ունեցել հեղինակավոր համերգասրահներում և պատմական նշանակության տաճարներում՝ այդ թվում Ստրասբուրգի Եվրախորհրդի դահլիճում, Փարիզի «Սալ Գավո»-ում, Դրեզդենի Ֆրաուենկիրխեում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում» և այլ նշանավոր բեմերում՝ հաստատելով իր կատարողական արվեստի միջազգային բարձր մակարդակը։ Հատկանշական է նաև մասնակցությունը Ռավեննայի փառատոնին, որտեղ կոլեկտիվը հանդես է եկել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ՝ ներկայացնելով բարձր գնահատականի արժանացած ծրագրեր։

Շրջագայությունների կարևոր բաղադրիչ են հանդիսացել նաև թեմատիկ և հիշատակի համերգները՝ նվիրված Կոմիտասի հոբելյաններին և Հայոց ցեղասպանության տարելիցին, որոնք իրականացվել են տարբեր երկրներում՝ մշակութային հիշողության պահպանման և միջազգային իրազեկման նպատակով։ Այս ելույթները կրել են ոչ միայն գեղարվեստական, այլև արժեքային ու խորհրդանշական նշանակություն՝ ամրապնդելով հայկական մշակույթի ներկայությունը համաշխարհային մշակութային տարածքում։

Մասնաճյուղի  ղեկավար՝ Արմեն Արաբյան 

ՀՊԿԵ-ի տնօրեն Արմեն Արաբյանը դասական երաժշտության ուղղվածություն ունեցող կազմակերպությունների թրծված ու հմուտ կառավարիչ է: 1975թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը` Արաբյանն աշխատանքի է անցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար: Նույն ժամանակահատվածում նա ջութակի դասեր է տվել Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: 1978թ. որպես ջութակահար միանալով ՀԽՍՀ Ռադիոհեռուստապետվարչության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբին` 1988-ին ստանձնել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը: 1991-93թթ. ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության տնօրենն է եղել: 1993թ. նշանակվել է ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Երկու տարի անց դարձել է ՀՀ տեղեկատվության նախարարության միջազգային կապերի վարչության պետ:

1996-97թթ. ծառայել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 1997-ին Արաբյանը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը, իսկ 2009-ից ի վեր իր ստեղծագործական ողջ ներուժն ուղղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացման գործին:
2007-ից Ա. Արաբյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է իսկ 2011-ին արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:


Поделиться
Класс
Տեգեր