«ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբ
Ստեղծման պատմություն
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին։ Երգչախումբը հիմնադրել և ղեկավարում է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Սոնա Հովհաննիսյանը։
Իր ստեղծման առաջին իսկ տարիներից երգչախումբն աչքի է ընկել ուրույն գեղարվեստական դիմագծով։ Այն է՝ ազգային երաժշտական ժառանգության, արևմտաեվրոպական խմբերգային երաժշտության ավանդույթների հետ համաքայլ հայաստանյան խմբերգային երաժշտության շրջանակների ընդլայնումն ու զարգացումը։ Երգչախումբն աշխատում է ժամանակակից ստեղծագործական մտածողության՝ ինչպես մաքուր խմբերգային, այնպես էլ ամենատարբեր ժանրերի հետ սինկրետիկ համադրումների և փորձարարության ուղղություններով։
2009 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ, իսկ 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում՝ որպես ակտիվ և բազմաշերտ գործունեություն ծավալող ստեղծարար միավոր։
Երաժշտախմբի կազմ
Երգչախմբի կազմում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտ-կատարողներ, ովքեր, բացի ակադեմիական պատրաստվածությունից, աչքի են ընկնում իրենց ճկուն և արտիստիկ բեմական ունակություններով։ Երգչախումբը գործունեության յուրաքանչյուր շրջանում հանդես է եկել երաժշտական բացահայտումներով և նորարարությամբ։
Առաքելություն
«Հովեր» երգչախմբի ստեղծագործական առաքելությունն է զարգացնել և տարածել հայ խմբերգային արվեստը՝ հիմք ընդունելով և յուրացնելով արևմտաեվրոպական խմբերգային ժառանգության հարուստ երգացանկը, միջազգային հարթակներում ներկայացնելով հայ խմբերգային ժառանգության և ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի նորագույն էջերը։
Երգչախմբի գործունեության առանցքում մնում է Կոմիտասի խմբերգային ժառանգության ամբողջական ներկայացումն իր հոգևոր և աշխարհիկ թևերով։
Ժամանակակից հայ կոմպոզիտորները բազմաթիվ խմբերգային ստեղծագործություններ են նվիրել «Հովեր» երգչախմբին՝ նկատի ունենալով նրա հնչողությունն ու ունակությունները։ Երգչախումբն ամեն տարի ներկայանում է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ-սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներով՝ դառնալով բազմաթիվ ստեղծագործությունների հայաստանյան առաջին կատարող։
Ձեռքբերումներ
Տարիների ընթացքում «Հովեր» երգչախումբը ձևավորվել է որպես միջազգային ճանաչում ունեցող կոլեկտիվ՝ արժանանալով մասնագիտական բարձր գնահատանքի։ Երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ինչպես նաև նախարարության շնորհակալագրով, բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների դափնեկիր է։
Երգչախումբը ձայնագրել է 7 ձայնասկավառակ, ինչպես նաև իրականացրել է բազմաթիվ երաժշտական նախագծեր թատրոնի և կինոյի համար։ Մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «Արարատ», «Արտույտների ագարակը», «Նամուս», «Թևանիկ», «Խոստումը», ինչպես նաև «Պեպո» ներկայացման երաժշտական ձևավորմանը։ Երգչախումբն իրականացրել է չորս թատերականացված, փորձարարական ծրագիր՝ «Այգեկցու 6 առակները», «Զուգահեռ», «Զարմանալի պարզ ու հասարակ բաներ», «… և մի անլուրջ համերգ»։
2020 թվականին պետական դրամաշնորհով իրականացրել է «Սերնդեսերունդ» նախագիծը, ինչպես նաև «Պարզ ու հասարակ բաներ» թատերականացված ծրագիրը՝ նվիրված գործունեության 30-ամյակին։
Համագործակցություն
«Հովեր» պետական կամերային երգչախումբը մշտապես համագործակցում է Հայաստանի և միջազգային երաժշտական կառույցների հետ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Երևանի կամերային պետական նվագախմբի, «Երևանյան հեռանկարներ», «Ոսկե ծիրան», «Կոմիտասյան» փառատոների հետ։
ՀԱՖՆ-ի և Էդուարդ Թոփչյանի հետ համատեղ իրականացրել է տասնյակ օպերային նախագծեր՝ «Եվգենի Օնեգին», «Տոսկա», «Գեղջկական պատիվ», «Սևիլյան սափրիչ», «Մադամ Բատերֆլայ», «Պայացներ», «Բոհեմ», «Արծվաբերդ», «Թիկնոցը» և այլ ստեղծագործություններ։
Երգչախումբը մասնակցել է «Սյոն Վալե» միջազգային փառատոնին (Շվեյցարիա), «Էմիլիա Ռոմանիա» (Սլովենիա), «Բեյթեդին Արվեստի փառատոն» (Լիբանան), «Ռեին վոկալ» փառատոնին (Գերմանիա), «Մուստոնեն ֆեստ» (Էստոնիա), «Միդեմ» (Ֆրանսիա), «Պոլիֆոլիա» (Ֆրանսիա), «Պրոսվետիտել» (Ռուսաստան), «Գաուդա Մատեր» (Լեհաստան), «Լոգոս» (Լեհաստան), «Քեմնից» (Ֆրանսիա), «Լյուդվիգ վան Բեթհովեն» փառատոնին (Լեհաստան), «Վան Վլաանդերեն» փառատոնին (Բելգիա), «Լես Սակրես Ջըրնի» (Իտալիա), «Լա ֆաբրիկա դել կանտո» (Իտալիա), «Սյուդտիրոլ» (Իտալիա), «Հոգևոր երաժշտության Հարավուրալյան» (Ռուսաստան) և այլ փառատոների՝ համագործակցելով մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ՝ Քշիշտոֆ Պենդերեցկի, Գիդոն Կրեմեր, Անդրես Մուստոնեն, Ռոբերտաս Շերվենիկաս, Դավիդ Գերինգաս, Ջոն Նելսոն, Միխալ Կլաուզա, Պավել Վերնիկով, Բրոնիուս Կուտավիչյուս, Լիոր Շամբադալ, Ֆլորիան Հելգաթ, Անդրեա Բոչելի, Տրիլոկ Գուրտու, Անդրեյ Բորեյկո, Ստանիսլավ Կոչանովսկի, Յարոսլավ Բիչկով։
Շրջագայություններ
«Հովերը» հանդես է եկել աշխարհի հեղինակավոր բեմերում՝ «Թիատրո Դալ Վերմե» (Իտալիա), «Թիեթրը Նանթրե Ամենդիրս», «Սիտե դե լա մյուզիք», «Լը Քուաղց» (Ֆրանսիա), «Սթրաթմոր», «Քարնեգի Հոլլ» (ԱՄՆ), «Լինքոլն Սենթըր» («Ալիս Թուլի Հոլլ») (ԱՄՆ), Թայբեյի ազգային (Թայվան), «Էրմիտաժ» թատերական (Ռուսաստան) և այլ հեղինակավոր դահլիճներում։ Երգչախումբը համերգներով ներկայացել է Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Շվեյցարիայում, Սլովենիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Էստոնիայում, Լիտվայում և այլ երկրներում։
2021 թ.-ին երգչախումբը հանդես է եկել Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ԳԽ-ի անդամակցության շրջանակներում կազմակերպված մշակութային միջոցառմանը։
Գեղարվեստական ղեկավար
Սոնա Հովհաննիսյանը՝ «Հովեր» երգչախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, հայ խմբերգային արվեստի անվանի ներկայացուցիչներից է։
Ծնվել է 1963 թվականին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
1992 թվականից նրա ղեկավարությամբ «Հովեր» երգչախումբը դարձել է բարձրակարգ, միջազգային հեղինակություն ունեցող կոլեկտիվ։
2008 թվականին նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2010 թվականին՝ «Արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանը։
Կոնսերվատորիայում մասնագիտական դասարան է վարել 1996 թ.-ից, ԵՊԿ պրոֆեսոր է։
2018–2024 թվականներին աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում։
2022 թվականին «Հովեր» երգչախմբի հիմնադրման և գործունեության 30-ամյակի շրջանակներում՝ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի և ստեղծագործական անձնվեր գործունեության համար ՀՀ նախագահի հրամանագրով Սոնա Հովհաննիսյանին շնորհվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը։
Մասնաճյուղի ղեկավար
Մարիա Սահակյան
Մարիա Սահակյանը մասնագիտությամբ արվեստի կառավարիչ է։ 2021-2025 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի տեսության, պատմության և կառավարման բաժնում։
Ուսանողական տարիներից ներգրավված է եղել թատերական, կինո, համերգային և փառատոնային տարբեր ծրագրերում։ Նրա փորձը ներառում է նախագծերի համակարգում, արտադրական գործընթացների կազմակերպում, թիմային աշխատանքի կառավարում և ստեղծագործական ծրագրերի իրականացում։
2018 թվականից Մարիա Սահակյանը մասնակցել է մի շարք մշակութային նախաձեռնությունների՝ հանդես գալով որպես համակարգող և կազմակերպչական աշխատանքների պատասխանատու։ Իրականացրել և համակարգել է մի շարք հեղինակային ու ստեղծագործական նախագծեր, այդ թվում՝ ռեժիսոր Սոնա Խաչատրյանի «Relique» ֆիլմը՝ որպես պրոդյուսեր, ռեժիսոր Ժիրայր Դադասյանի «Bordering the Shadow and the Real» թատերական նախագիծը և հեղինակային՝ Արթուր Գրիգորյանին նվիրված «Օրն իմ կգա» վավերագրական ֆիլմը։
Մարիա Սահակյանն ունի նաև երաժշտական կրթություն․ 2009-2025 թվականներին սովորել է երաժշտական և արվեստի ոլորտի կրթական հաստատություններում։ Երաժշտական ոլորտի փորձի շրջանակում 2021 թվականին հիմնադրել է «Gr8 band» երաժշտական խումբը։
Միջազգային փորձի շրջանակում Մարիա Սահակյանը, ներկայացնելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որպես պրոդյուսեր մասնակցել է Ռումինիայում իրականացված Սերգեյ Փարաջանովին նվիրված «La tempête intérieure» թատերական ներկայացմանը, որը տեղի է ունեցել UNATC-ի Atelier սրահում։ Ներկայացումը մաս է կազմել «Francophonie en scène» նախագծին։
Կինոարտադրության ոլորտում Մարիա Սահակյանը մասնակցել է մի շարք վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի արտադրական աշխատանքներին։ 2025 թվականից Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի անդամ է։ Նույն թվականին իր թիմի հետ մասնակցել է Կաննի կինոփառատոնին՝ «Հայկական տուն» ծրագրի շրջանակներում։
2024-2025 թվականին աշխատել է «Ազգային ցանց» մեդիա-մշակութային հիմնադրամում՝ որպես կրեատիվ պրոյեկտների պրոդյուսեր։
Մարիա Սահակյանն իր մասնագիտական փորձը կիրառում է մշակութային ծրագրերի կառավարման, կազմակերպչական գործընթացների համակարգման և ստեղծագործական նախագծերի իրականացման ոլորտում։