Բրիտանացի վիրտուոզ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը՝ Չարենցավանում
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում հոկտեմբերի 26-ին կայացել է բացառիկ համերգ․ երգեհոնային երաժշտության համերգով հանդես է եկել բրիտանացի հանրահռչակ երգեհոնահար, վիրտուոզ կատարող Ջոնաթան Սքոթը։
Բրիտանացի երգեհոնահարը Չարենցավանի երաժշտասեր հանդիսատեսին ներկայացրել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Մարկո Էնրիկո Բոսիի, Էդվարդ Էլգարի և Քամիլ Սեն-Սանսի ստեղծագործությունները՝ երգեհոնի համար արված իր իսկ փոխադրություններով։
Համերգին հայ երգեհոնային դպրոցը ներկայացրել է Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, երգեհոնահար Վահագն Մարգարյանը՝ կատարելով Գրիգոր Նարեկացու, Տարոնցու-Կոմիտասի, Եկմալյանի և Յոհան Սեբաստիան Բախի երգեհոնային ստեղծագործությունները։
Համերգն իրականացվել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում, ծրագիրը միավորել էր հայ և եվրոպական դասական երաժշտության գլուխգործոցներ՝ ներկայացված երկու երաժիշտների մեկնաբանությամբ։