Նորություններ

img-102_0UvUN.jpg
08 11 2026

Մակար Եկմալյանի 170-ամյակին նվիրված համերգ՝ երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 7-ին՝ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում, կայացել է հայ անվանի կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին նվիրված համերգ։

Երաժշտական երեկոյի ընթացքում հնչել են Եկմալյանի հոգևոր ստեղծագործությունները, ինչպես նաև Երվանդ Երկանյանի, Առնո Բաբաջանյանի և տարբեր սերունդների այլ կոմպոզիտորների երկեր՝ ներկայացնելով երգեհոնային երաժշտության հարուստ ժառանգությունն ու ժամանակակից ստեղծագործական մոտեցումները։

Ծրագրում ընդգրկված են եղել նաև ժամանակակից կոմպոզիտորներ Միխայիլ Կոկժաևի, Տիգրան Համբարյանի, Լուսինե Գրիգորյանի, Գրիգոր Առաքելյանի և Վաչե Շարաֆյանի երգեհոնային ստեղծագործությունները։ Հեղինակները ևս ներկա են եղել երաժշտական երեկոյին։

Համերգին ելույթ են ունեցել երգեհոնահարներ Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Արմեն Աղաջանյանը, Թերեզա Ոսկանյանը, Լուսինե Հարությունյանը, Հովհաննես Մանուկյանը, Աննա Առուստամյանը և Արփինե Հարությունյանը։ Երգեհոնահար և կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը հանդես է եկել իր հեղինակած ստեղծագործությունների կատարմամբ։

Երեկոյի ընթացքում համատեղ ելույթով հանդես են եկել երգեհոնահար Հարություն Թագվորյանը և սոպրանո Ռիտա Պետրոսյանը։ Նրանց կատարմամբ հնչել է Լուսինե Գրիգորյանի՝ Կոմիտասի խոսքերով գրված «Աղերս» ստեղծագործությունը՝ Արսեն Հարությունյանի՝ երգեհոնի համար կատարած փոխադրությամբ։


Поделиться
Класс