ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ - 2022
Հայաստանի բազմաժանր երաժշտական կյանքում իր ուրույն տեղն ու լսարանն է ունեցել երգեհոնային երաժշտությունը: Դրա վկայությունն են հանրահայտ հայազգի երգեհոնահարներն ու բազմաթիվ երգեհոնների առկայությունը Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում՝ Էջմիածին, Չարենցավան, Կապան, Գյումրի:
Առաջին երհգեհոնը տեղադրվեց կոմպոզիտորների միությունում 1964թ-ին և չնայած կարճ կենսագրությանը երգեհոնային մշակույթը շատ արագ ծաղկում ապրեց մեծ ճանաչում ստացավ արտերկրում: Իհարկե այդ ամենը՝ նախ և առաջ, հայկական երգեհոնային դպրոցի նահապետ Վահագն Ստամբոլցյանի ջանքերի շնորհիվ:
1970 թ-ին բացվեց Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի երգեհոնը. հանդես եկան Վահագն Ստամբոլցյանը և Լուսինե Զաքարյանը, Լևոն Աբրահամյանն ու Գոհար Գասպարյանը:
Հայաստանում մշտական համերգներով հանդես են եկել Ռուսաստանի, Բալթյան երկրների, Ֆինլանդիայի, Կանադայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների երգեհոնահարները: Քչերը գիտեն, որ այդ տարիներին Հայսատանում հանդես է եկել նաև ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր և երգեհոնահար Մորիս Դյուրուֆլեն:
Երգեհոնների տեղադրումը խթան հանդիսացավ հայ կոմպոզիտորների կողմից երգեհոնի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների ստեղծման համար(Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ավետ Տերտերյան, Երվանդ Երկանյան, Սերգեյ Աղաջանյան, Միխայիլ Կոկժաև, Էդուարդ Հայրապետյան, Հարություն Դելլայան, Ստեփան Շաքարյան, Էդուարդ Բաղդասարյան, Արզաս Ոսկանյան, Գարեգին Գրիգորյան, Քրիստափոր Քուշնարյան,Դավիդ Գիլանյան, Էդուարդ Խաղագործյան, Մելիք Մավիսակալյան, Միքայել Թարիվերդիև, Լևոն Աստվածատրյան և այլոք):
Հայաստանցի երգեհոնահարները մեծ հաջողությամբ ելույթներ էին ունենում արտերկրում, մասնակցում միջազգային փառատոնների և մրցույթների: Իսկ Վահագն Ստամբոլցյանը միջազգային մրցույթների ժյուրիի սպասված անդամ էր: Հայաստանում ևս անցկացվում էին երգեհոնային փառատոններ: Արդեն 1969 թ-ին անցկացվեց երգեհոնային փառատոն նվիրված Կոմիտասի 100-ամյակին:
1979թ-ին տեղադրվեց կամերային երաժշտության տան երգեհոնը, որն եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ՝ տարածքում: 1990-ականներին, երբ դահլիճը չէր ջեռուցվում, երգեհոնը վնասվել էր և 2007 թ-ին այն անհատույց մասնակիորեն վերականգնվեց Դրեզդենից ժամանած մասնագետ Քրիստիան Վեգշայդերի կողմից:
2022թ.-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպերտի նախարարության աջակցությամբ իրականացրեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության առաջին փառատոնը, որին մասնակցեցին ինչպես հայաստանյան այնպես էլ արտերկրի երգհոնահարները: Հնչեցին, ինչպես դասական երգեհոնային, այնպես Էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային սռեղծագործություններ:
Փառատոնային համերգներն անցկացվեցին Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունում, Կապանի արվեստի պետական քոլեջում և Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում: Կայացան ծրագրային, այդ թվում՝ Կոմիտասին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգներ:
Հայկական երգեհոնային դպրոցը ներկայացրերին՝ Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Արփինե Հարությունյանը: Փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին նաև սոպրանո Էլվիրա Մարգարյանը, ֆլեյտահար Վադիմ Թալալյանը և <Սաղմոսերգու>> հոգևոր երաժշտության արական երգչախումբը(գեղ. ղեկավար եվ դիրիժոր՝ Վահե Բեգոյան):
Արտերկրից փառատոնին մասնակցեցին՝
Ֆաբիո Մաչեռան(Իտալիա), Լադա Լաբզինան(Ռուսաստան), Կոնստանտին Վոլոստնովը(Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթեյվերսը(Նիդերլանդներ), Եվգենի Ավրամենկոն(Ռուսաստան): Նկատենք, որ վերջին երկու երգեհոնահարները համերգներով հանդես եկան նաև Չարենցավանում ու Կապանում: