Երաժշտախմբեր

843213621247272495463068365868245103673344o_UaDyC.jpg

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թ. ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության` Զարեհ Սահակյանցը կարողացավ իր շուրջ համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք բերել մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը (1975 թ.-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982 թ.-ից):

1997 թ. նվագախումբը միավորվեց Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ (գործել է 1979 թ.-ից): Արդյունքում կազմավորվեց ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնեց ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Ի նպաստ ժամանակակից երաժշտության զարգացմանն ու խթանմանը՝ Արամ Ղարաբեկյանը և ՀՊԿՆ-ն պատվիրել ու իրենց համերգներում ներկայացրել են ավելի քան 40 նոր ստեղծագործություն, ինչպես նաև ձայնագրել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակներ:

ՀՊԿՆ-ը հաջողությամբ ելույթներ է ունեցել  ԱՄՆ-ում (Քարնեգի հոլ, Նյու-Յորք, Ալեքս Թատրոն, Լոս-Անջելես), Միացյալ Թագավորությունում (Քենթերբերիի տաճար Քենթերբերիի փառատոն), Գերմանիայում (Հալլե փառատոն, Հալլե), Շվեյցարիայում (Վիկտորիա Հոլ, Ժնև), Հունաստանում (Դեմիտրիայի փառատոն, Սալոնիկի համերգասրահ), Ռուսաստանում (Եկատերինայի պալատ, Գլազունովի դահլիճ, Սանկտ Պետերբուրգ), Կիպրոսում (Նախագահական պալատ, Նիկոսիա), Լիբանանում (Բեյրութի ամերիկյան համալսարան), Արաբական Միացյալ Էմիրություններում (Մշակութային հիմնադրամի թատրոն, Աբու Դաբի) և այլն:

2011 թ.-ից ցայսօր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն  է  Վահան Մարտիրոսյանը: Մաեստրո Վահան Մարտիրոսյանի տարատեսակ ներդրումներից առանձնանում է «Ճանապարհ տաղանդներին» նախագծի նախաձեռնումը, ինչի շնորհիվ բազում երաժիշտներ հնարավորություն ստացան հանդես գալ ՀՊԿՆ-ի հետ և ձեռք բերել բեմական փորձ:

2013 թ.-ից Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արամ Խաչատրյանի 110-ամյակի միջոցառումների շրջանակներում, մասնակցեց մի շարք միջազգային փառատոների Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: 2014 թ.-ին կրկին հրավերներ ստանալով՝ նվագախումբը փայլուն ելույթներ ունեցավ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում (այդ թվում՝ Ժնևի Վիկտորիա հոլում՝ «Festival Puplinge»-ի 5-րդ տարեդարձի հոբելյանական եզրափակիչ համերգին)` արժանանալով երաժշտասեր հանրության բարձր գնահատանքին:

2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակներում, ինչպես նաև 2016-2017 թթ.-ին, ելույթներ է ունեցել «Cordes et Pics», «Puplinge Classique», «Festivaldes Nuits Pianistiques» միջազգային փառատոներում:

Նվագախումբը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի  մենակատարների և դիրիժորների հետ, ինչպիսիք են ակորդեոնահար Ռ. Գալիանոն (Ֆրանսիա), ջութակահարներ Ջ-Մ. Ֆիլիպս-Վարժապետյանը (Ֆրանսիա), Ն. Մադոյանը (Հայաստան),  Լևոն Չիլինգիրյանը (Մեծ Բրիտանիա), Ֆ. Ռուդինը (Ռուսաստան) սաքսոֆոնահար Ֆ. Մոնդելչին ( Իտալիա), դաշնակահարներ Գ. Քամփաները (Իտալիա), Թ. Փֆաֆը (Ֆրանսիա), հոբոյահար Գ. Բորտոլատոն (Իտալիա), դիրիժորներ Գ. դե Լորենցոն (Իտալիա), Դ. Վալդմանը (Ֆրանսիա), Մ. Գարդոլինսկան (Լեհաստան) , Ալ. Փարիսը (Ֆրանսիա) և այլոք:

Նվագախումբը տարեկան ավելի քան 40 համերգ է անցկացնում Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, պարբերաբար ցուցադրվում հայկական ռադիո- և հեռուստահաղորդումների շրջանակներում, ինչպես նաև նախագահական հրավերով հանդես գալիս օտարերկրյա ղեկավարների համար կազմակերպվող հատուկ ներկայացումներում: Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում:

 

ՎԱՀԱՆ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ  

գեղարվեստական ղեկավար  և   գլխավոր դիրիժոր

 

1996թ.-ին ավարտել  է Փարիզի կոնսերվատորիան: Վահան Մարտիրոսյանն այսօր Հայաստանի Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

Մարտիրոսյանը, որպես հրավիրյալ  դիրիժոր, պարբերաբար ղեկավարում է բազմաթիվ նվագախմբեր, որոնց շարքում են Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Պրահայի ֆիլհարմոնիկ,  NHK սիմֆոնիկ,  Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Nordwestdeutsche Philharmonie, Կանսայի ֆիլհարմոնիկ, Սևիլիայի Real Orquestra Sinfonica Pays de Loire ազգային, Հայաստանի  ֆիլհարմոնիկ,  «Ամալգամ», Չեխիայի մենակատարների կամերային, Լիբանանի ֆիլհարմոնիկ, Դուեի և Կաննի, Թուլոնի օպերայի,  Նովոսիբիրսկի կամերային և այլ նվագախմբեր:

Վահան Մարտիրոսյանը պատիվ է ունեցել համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի  մենակատարների հետ, ինչպիսիք են՝ Ի. Գիտլիսը, Ա. Մարկովը, Վ. Սվերդլով-Աշքենազին, Դ. Պոպպենը, Ս. Ռուսևը, Բ. Անժերերը, Խ. Ֆիլիպսը, Լ. Վոգտը, Կ. Վ. Պեկը, Ռ. Գալիանոն, Վ. Պոստնիկովան, Դ. Կաշիմոտոն, Ս. Նակարյակովը, Գ.Հոֆմանը, Ա. Չաուշյանը, Ռ. Պիդուն, Ա. Սումմը,  Ա. Գինդինը , Ի. Չետուևը, Պ. Լեշչենկոն,  Ա. Վասսը, Ժ. Ռուվյեն,   Ժ.Մ.Ֆիլիփս-Վարժապետյանը, Տրիո Վանդերեր,  Ֆ. Մոնդելչին,  Ժ. Կ. Պենտյեն, Մ.Կոպեն, Ռ. Արոդակին, Ն. Դոտղիկուղը,  Ս. Բեշին,  Ժ. Տուվղոն, Ս. Մ. Դըգան, Ե.Ռոզանովան, Ռ.Դոգարեյը, Ա. Կազալեն և այլոք:

Որպես դիրժոր Վահան Մարտիրոսյանը ձայնագրել է Չայկովսկու ջութակի կոնցերտը (Stéphanie-Marie Degand, Caen Orchestra) և Ֆլորենտին Մյուսլանի Սիմֆոնիա N1-ը (Հայաստանի պետական կամերային նվագախումբ), որոնք թողարկվել  են 2012-2013թթ.-ին:

Լինելով նաև «ֆենոմենալ դաշնակահար», ինչպես նշել է Le Monde թերթը,  Մարտիրոսյանը հաճախ ղեկավարում է նվագախումբը՝ դաշնամուրի առջև նստած՝ իր նվագը լիովին ներդաշնակելով  նվագախմբի հետ:

Բացի այդ, որպես դաշնակահար, հանդես է գալիս այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Պաավո Յարվին, Յատուկա Սադոն, Ջոն Աքսելրոդը, Յուրի Արոնովիչը ...

 

 

ՖԵԼԻՔՍ ԲԱԲՈՒՐՅԱՆ

մասնաճյուղի  ղեկավար


Поделиться
Класс