Հոբելյանական համերգով Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը նշել է հիմնադրման 45-ամյակը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հիմնադրման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որը համախմբել էր երաժշտասերներին, արվեստագետներին, մշակութային ոլորտի ներկայացուցիչներին և համույթի երկարամյա բարեկամներին։
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հիմնադրման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։
Շնորհավորելով համույթին՝ նա ընդգծել է, որ 45-ամյա ստեղծագործական ուղին վկայում է ոչ միայն երաժշտական համույթի կայացման և մասնագիտական ձեռքբերումների, այլև հանրության կողմից սիրված ու գնահատված լինելու մասին։
Սվետլանա Սահակյանն առանձնահատուկ ողջունել է այն հանգամանքը, որ հոբելյանական երեկոյին ներկա են «Տաղարան»-ի բոլոր գեղարվեստական ղեկավարները։ Նա շնորհավորել է Դանիել Երաժշտին և Երվանդ Երկանյանին՝ այս տարի նշվող նրանց ծննդյան հոբելյանների առթիվ՝ արտահայտելով իր խորին հարգանքն ու երախտագիտությունը և բարձր գնահատելով նրանց ներդրումը համույթի կայացման ու զարգացման գործում։
Անդրադառնալով համույթի ներկայիս գործունեությանը՝ նա նշել է, որ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ «Տաղարան»-ը շարունակում է հավատարիմ մնալ իր ստեղծագործական ավանդույթներին՝ միաժամանակ հարստացնելով երկացանկը նոր շնչով և երաժշտական մեկնաբանություններով։
Նա կարևորել է նաև համույթի դերը հայ հոգևոր և բարոկկո երաժշտության պահպանման ու հանրահռչակման գործում՝ ընդգծելով երաժշտական այս ժառանգությունն առավել ճանաչելի և սիրված դարձնելու նրա առաքելությունը։
Եզրափակելով խոսքը՝ Սվետլանա Սահակյանը նախարարության անունից շնորհակալություն է հայտնել համույթի գեղարվեստական ղեկավարներին և երաժիշտներին՝ տարիների նվիրական աշխատանքի համար՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը՝ կարևորելով «Տաղարան»-ի առանձնահատուկ տեղն ու առաքելությունը հայ երաժշտարվեստում։ Նա անդրադարձել է համույթի երեք գեղարվեստական ղեկավարների՝ Դանիել Երաժշտի, Երվանդ Երկանյանի և Սեդրակ Երկանյանի գործունեությանը՝ արժևորելով նրանց ներդրումը համույթի ստեղծագործական դիմագծի ձևավորման և զարգացման գործում։ Տնօրենը համույթին մաղթել է նոր ձեռքբերումներ, միջազգային հյուրախաղեր և ստեղծագործական հաջողություններ։
Հոբելյանական երեկոյի հիշարժան պահերից էր համույթի հիմնադիր և առաջին գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժշտի պարգևատրումը։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը նրան հանձնել է Կենտրոնի կողմից թողարկված «Կոմիտաս» հուշամեդալը՝ ի գնահատանք համույթի հիմնադրման և հայ երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի՝ միաժամանակ շնորհավորելով ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթելով քաջառողջություն ու ստեղծագործական նոր հաջողություններ։
Երեկոյի ընթացքում խոսքով հանդես է եկել նաև Դանիել Երաժիշտը՝ անդրադառնալով համույթի ստեղծման պատմությանն ու անցած ստեղծագործական ճանապարհին։ Նա «Տաղարան»-ին նվիրել է Արամ Խաչատրյանի՝ ջութակի համար գրված բոլոր ստեղծագործություններն ընդգրկող ժողովածուն, որը կազմել են Դանիել Երաժիշտն ու նրա թոռը՝ Ֆելիքս Հարությունյանը։
Դանիել Երաժիշտը համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանին նվիրել է նաև Նարեկացի արվեստի միության թողարկած «Հայրիկ, հայրիկ» ձայնասկավառակը։
1981 թվականին Դանիել Երաժշտի նախաձեռնությամբ հիմնադրված «Տաղարան» համույթն իր 45-ամյա գործունեության ընթացքում նշանակալի ավանդ է ունեցել հայկական հնագույն երաժշտական ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Հոբելյանական համերգային ծրագիրն արտացոլել է համույթի հարուստ և բազմաժանր երկացանկը՝ ընդգրկելով հայ ժողովրդական ու գուսանական երաժշտության, եվրոպական բարոկկոյի և դասական երաժշտության նմուշներ։
Հնչել են Գերոնիմո Խիմենեսի, Լուիջի Արդիտիի, Անտոնիո Վիվալդիի, Հենրի Փյորսելի, Բարսեղ Կանաչյանի, Խաչատուր Ավետիսյանի, Համբարձում Բերբերյանի և Գուսան Շահենի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի ու նվագների մշակումներ։
Համերգին հանդես են եկել համույթի մենակատարներ՝ սոպրանոներ Գայանե Ղամբարյանն ու Գալինա Ցոլակյանը, մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, բարիտոն Հովսեփ Նշանյանը, բլուլահար Հասմիկ Հարությունյանը, դուդուկահար Արտակ Ասատրյանը և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը։
Երեկոյի հատուկ հյուրերն էին համույթի հետ տարբեր տարիներին համագործակցած սոպրանոներ Անուշ Հովհաննիսյանը՝ Միացյալ Թագավորությունից, Իրինա Զաքյանը և ջութակահար Նիկոլայ Մադոյանը։
Հոբելյանական համերգն անցկացվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ։