Նորություններ

scott-48_Rdo90.jpg
26 10 2025

Բրիտանացի վիրտուոզ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը՝ Երևանում. երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոն

Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին մենահամերգով է հանդես եկել բրիտանացի հանրահռչակ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը։

Համերգի մեկնարկին երաժիշտը ողջույնի խոսք է հղել հանդիսատեսին՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և խորապես տպավորված է։ Նա ընդգծել է, որ երևանյան իր մենահամերգի ծրագրում ընդգրկել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք լավագույնս բացահայտում են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հիասքանչ երգեհոնի բազմազան հնչերանգներն ու հնարավորությունները։

Երեկոյի ընթացքում երաժշտասեր հանդիսատեսը վայելել է վիրտուոզ կատարողի բացառիկ վարպետությունը և Բախի, Հենդելի ու Վիվալդիի ստեղծագործությունների նրա ինքնատիպ մեկնաբանությունը։

Ջոնաթան Սքոթն իր հեղինակային մշակումներով նոր շունչ է հաղորդում ոչ երգեհոնային դասական էջերին՝ բացահայտելով գործիքային նոր հնչերանգներ և տպավորիչ գունային լուծումներ։

Երաժշտական երեկոյի վերջին հատվածում երգեհոնահարը կատարել է Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը՝ երգեհոնի համար իր իսկ հեղինակային մշակմամբ։ Տպավորիչ կատարումը ստեղծել է բացառիկ երաժշտական մթնոլորտ, որն արժանացել է հանդիսատեսի երկարատև ծափերին։

Իսկ վերջում՝ երաժիշտը համերգն ամփոփել է Կոմիտասի «Շուշիկի» ստեղծագործությամբ, ինչը ևս բուռն ու ջերմ արձագանքի է արժանացել հանդիաստեսի կողմից։

Ջոնաթան Սքոթը ևս մեկ համերգ կունենա այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։


Поделиться
Класс