«Անուշ անուրջով»․ Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 16-ին կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի հոբելյանական համերգը՝ նվիրված երգչախմբի հիմնադրման 30-ամյակին։
Այս օրը առանձնահատուկ և խորհրդանշական էր երգչախմբի համար․ հենց մայիսի 16-ին, իր ծննդյան օրը, Երևանի պետական կամերային երգչախումբը մեկնարկել է իր 30-ամյակին նվիրված համերգաշարը՝ ամփոփելով անցած ճանապարհն ու միաժամանակ ազդարարելով նոր ստեղծագործական ընթացքի սկիզբը։
Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ խմբերգերը, «Հայ գեղջուկ երգեր և պարերգեր» շարքերը, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի մշակումներ։
Երեկոյի ընթացքում կատարվել են՝ «Հրաշափառ Աստված», «Հիշեսցուք ի գիշերի», «Հովն անուշ», «Հոյ Նազան», «Իմ չինարի յարը», «Ալագյազ», «Խնկի ծառ», ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի «Ձյուն է գալիս», «Անուշ անուրջով», «Նանարի նա», «Ցորեն եմ ցանե» ստեղծագործությունները և Վահագն Բաբլոյանի մշակումները։
Համերգի մենակատարներն էին Նելլի Քալաշյանը, Թամարա Մոսինյան, Ժաննա Դավթյանը, Գուրգեն Պողոսյանը, Մերգելոս Ամիրխանյանը։
Հոբելյանական երեկոն ոչ միայն տոնական համերգ էր, այլև հիշողության, երախտագիտության և շարունակականության յուրահատուկ խորհրդանիշ։ Այն միավորել է տարբեր սերունդների երաժիշտների, գործընկերների, ընկերների և հանդիսատեսի՝ մեկ ընդհանուր հիշողության ու երաժշտության շուրջ։
1996 թվականին արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ հիմնադրված երգչախումբը երեք տասնամյակ շարունակ դարձել է հայկական խմբերգային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը։