Նորություններ

photo-7jpg_2kZKV.jpeg
12 03 2026

Ֆրանսիական երաժշտության երեկո․ Վահագն Պապյանի առաջին համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես գեղարվեստական ղեկավար

Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 11-ին կայացել է ֆրանսիական երաժշտության երեկո։ Հայաստանի պետական կամերային նվագախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել նորանշանակ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ։

Համերգի ընթացքում տեղի է ունեցել նաև խորհրդանշական և հուզիչ պահ․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով և հանդիսավոր կերպով դիրիժորի փայտիկը փոխանցել է Վահագն Պապյանին։

Վահագն Պապյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վստահության և գնահատանքի համար, ողջունել ներկաներին և ներկայացրել համերգային ծրագիրը, որն ընդգրկում էր ֆրանսիական դասական երաժշտության գեղեցիկ էջերից ընտրված ստեղծագործություններ։

Համերգին որպես մենակատարներ հանդես են եկել ֆրանսիացի ջութակահար Ֆրանսուա Պինո-Բենուան և հայ դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը, որոնց կատարումները ջերմությամբ ընդունվել են հանդիսատեսի կողմից։

Ծրագրում հնչել են ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտորների՝ Կլոդ Դեբյուսիի, Շառլ Գունոյի, Ժյուլ Մասնեի, Կամիլ Սեն-Սանսի և Էռնեստ Շոսոնի ստեղծագործությունները՝ ստեղծելով նուրբ, գունեղ և հագեցած երաժշտական մթնոլորտ։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի այս գեղեցիկ երեկոն վերածվել է ֆրանսիական երաժշտարվեստի նրբության, գեղարվեստական բարձր ճաշակի և բարձրակարգ կատարողական արվեստի յուրահատուկ տոնի։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նվագախումբը կներկայացնի ևս երկու համերգ։ Համերգաշարը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ։


Поделиться
Класс