Նորություններ

photo-8_EyqMF.jpg
11 10 2026

Միլկիցա Ռադովանովիչի մենահամերգը՝ հայ հոգևոր երաժշտության յուրօրինակ մեկնաբանությամբ

 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնի շրջանակում մենահամերգով հանդես է եկել Նորվեգիայում բնակվող և ստեղծագործող սերբ երգեհոնահարուհի, դաշնակահարուհի և միջազգային մրցույթների դափնեկիր Միլկիցա Ռադովանովիչը։

Բարոկկո դարաշրջանի և ժամանակակից երաժշտության միջև յուրօրինակ կամուրջ ստեղծող համերգային ծրագրում հնչել են Յոհան Սեբաստիան Բախի, Տոմազո Ալբինոնիի, Ֆելիքս Մենդելսոնի, Էդվարդ Գրիգի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգային ծրագրում տեղ են գտել նաև հայաստանյան պրեմիերաներ՝ խորվաթ կոմպոզիտոր Ֆրանյո Դուգանի «Պրելյուդ դո մաժոր» և «Պրելյուդ լյա մինոր», սերբ կոմպոզիտոր Վլադիմիր Տոշիչի «Մեդիալ 2» և նորվեգացի կոմպոզիտոր Պետրա Բյորխաուգի «Ավե Մարիս Ստելլա» ստեղծագործությունները։

Համերգի ավարտին որպես բիս հնչել է Լյուդովիկո Էյնաուդիի «Experience» ստեղծագործությունը։

Համերգի առանձնահատուկ հատվածը նվիրված էր հայ հոգևոր երաժշտությանը։ Միլկիցա Ռադովանովիչի կատարմամբ հնչել են Կոմիտասի մշակմամբ հայ հոգևոր երաժշտության նմուշներ՝ Վահագն Ստամբոլցյանի և Դավիթ Գիլանյանի երգեհոնային փոխադրություններով։ Հայ հոգևոր երաժշտությամբ տպավորված՝ երգեհոնահարուհին այդ ստեղծագործություններն ընդգրկել է իր համերգային ծրագրում և արդեն ներկայացրել նաև Նորվեգիայում։

Համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Լիսե Նուրդգարդը, դիվանագիտական կորպուսի և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 8-ին Միլկիցա Ռադովանովիչը մենահամերգով հանդես է եկել նաև Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան համերգասրահում։

Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Поделиться
Класс