Նորություններ

img-40_d8L85.jpg
23 10 2026

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեն համերգով հանդես է եկել Չարենցավանում

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում հոկտեմբերի 22-ին համերգով հանդես է եկել շվեյցարացի անվանի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն։

Համերգային ծրագրում ընդգրկված էին Անդրե Ռեյսոնի, Ֆրանսուա Կուպերենի, Յոհան Սեբաստիան Բախի, Ալեքսանդր Պիեռ Ֆրանսուա Բոելի, Ֆրանսուա Դելորի և Ժան Ալենի երգեհոնային ստեղծագործությունները, ինչպես նաև Գի Բովեի հեղինակած «Սարասոտան»։

Համերգին ներկա են եղել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, մշակույթի բաժնի պետը, ինչպես նաև երաժշտասեր հանրությունը։

Համերգի բացմանը փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանն անդրադարձել է Չարենցավանի և Կապանի կարևոր դերակատարությանը Հայաստանի երգեհոնային արվեստի զարգացման գործում։ Նա մասնավորապես նշել է, որ փառատոնի հիմնադրման օրվանից այս երկու քաղաքներն ընդգրկված են դրա համերգային աշխարհագրության մեջ։

Արմեն Սուքիասյանն ընդգծել է նաև Հայաստանի երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ավանդը, որի ջանքերի շնորհիվ Չարենցավանում և Կապանում տեղադրվել են արժեքավոր երգեհոններ։ Երևանից դուրս նրա ծավալած ակտիվ գործունեությունը ևս կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանում երգեհոնային երաժշտության տարածման և զարգացման գործում։

 Փառատոնի գեղարվեստական ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությանը՝ Գի Բովեի հայաստանյան համերգների կազմակերպմանն աջակցելու համար։

Նա երախտագիտություն է հայտնել նաև Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Վահագն Մարգարյանին՝ փառատոնի համերգը դպրոցում հյուրընկալելու և դրա կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար։

Փառատոնն իրականացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը շարունակում է իր համերգային ծրագրերը՝ նպաստելով երգեհոնային արվեստի հանրահռչակմանը, միջազգային մշակութային կապերի ամրապնդմանը և Հայաստանում երգեհոնային ավանդույթների շարունակականությանը։


Поделиться
Класс