«25 տարի բեմում». Սոֆյա Սայադյանի հոբելյանական համերգը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 7-ին կայացել է Ազգային օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մեներգչուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Սոֆյա Սայադյանի բեմական գործունեության 25-ամյակին նվիրված «25 տարի բեմում» խորագրով հոբելյանական համերգը։
Սոֆյա Սայադյանը հանդես է եկել միջազգային հեղինակավոր բեմերում, այդ թվում՝ 2013–2017 թվականներին Մարիինյան թատրոնում՝ բեմը կիսելով Պլաչիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի, Մարիա Գուլեգինայի, Աննա Նետրեբկոյի և այլ անվանի արտիստների հետ։ 2026 թվականին բարձրարվեստ գործունեության և նշանակալի ավանդի համար երգչուհին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։
Հոբելյանական համերգին Սոֆյա Սայադյանի կատարմամբ հնչել են Գուրգեն Ալեմշահի, Գեղունի Չթչյանի, Բարսեղ Կանաչյանի, Առնո Բաբաջանյանի և Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները։ Երգչուհուն նվագակցել է Ազգային օպերային թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյանը։
Համերգին ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Երգչախմբի կատարմամբ հնչել են Կոմիտասի «Գութաներգ», «Ել-ել» և Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ «Մարալ» ստեղծագործությունները։
Երգչուհու և երգչախմբի համատեղ կատարմամբ հնչել են Կոնստանտին Պետրոսյանի «Տիրամայր» և Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» ստեղծագործությունները։ Վերջինս՝ նվիրված հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին, ներկայացվել է Սոֆյա Սայադյանի, Արմեն Գրիգորյանի և Արամ Ավետիսյանի մասնակցությամբ։
Համերգը եզրափակվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից «Անուշի խելագարության տեսարանով»՝ Սոֆյա Սայադյանի կատարմամբ։
Սոֆյա Սայադյանին բեմական գործունեության 25-ամյակի կապակցությամբ շնորհակալագիր է հանձնվել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի կողմից՝ ի գնահատումն երգչուհու երկարամյա ստեղծագործական գործունեության, մասնագիտական բարձր վարպետության և մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի։
«25 տարի բեմում» հոբելյանական համերգն ամփոփել է Սոֆյա Սայադյանի քառորդդարյա ստեղծագործական ուղին՝ ընդգծելով նրա նվիրումը օպերային արվեստին և հայկական երաժշտական մշակույթի հանրահռչակմանը։