Նորություններ

piacollayi-tangon-ev-dasakan-erazstutyun_sndhP.jpg
15 05 2023

Պիացոլլայի տանգոն և դասական երաժշտությունը

Պարի պատմության մեջ ամենազգացմունքային պարերից մեկը՝ տանգոն, վաղուց է ճամփորդում իր հայրենիքի սահմաններից անդին։ Բնականաբար այդ «ճամփորդությունն» իր հետքն է թողել տանգոյի թե՛ երաժշտության, թե՛ շարժումների վրա, առիթ դարձել տանգոյի նոր ոճերի ստեղծման համար։

Կարծիք կա, որ տանգոն ստեղծվել է 1880-ականներին Լա Պլատայում՝ Արգենտինայի և Ուրուգվայի բնական սահմանի վրա։ Եվ թերևս, սա է պատճառը, որ տանգոյի հայրենիք են համարվում հավասարապես երկու երկրները՝ Արգենտինան և Ուրուգվայը։

Տանգոն իր ազդեցությունն է ունեցել նաև դասական երաժշտության վրա։ Ասվածի լավագույն օրինակը արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունն է։ 

Պիացոլլայի ստեղծագործական ոճի ուղենիշն ի սկզբանե դասական երաժշտությունն էր․ նա դասեր էր առնում դասական դաշնակահարներից, մեծապես ազդվում դասական կոմպոզիտորների գործերից, սակայն երաժշտության պատմության մեջ նրա համար նախանշված էր նորարարի դերը։ 

Պիացոլլան, ասես, «պսակում էր» տանգո երաժշտության տարրերը դասական կոմպոզիցիայի տեխնիկայի հետ՝ այդ կերպ ստեղծելով նոր ոճ՝ Նուեվո տանգո։ 

Պիացոլլան նաև վիրտուոզ բանդոնեոնահար էր։ Գերմանիայում բանդոնեոն երաժշտական գործիքն ի սկզբանե կիրառվում էր եկեղեցական երաժշտություն նվագելու համար, իսկ 19-րդ դարի վերջին հասավ Արգենտինա և համալրեց տանգոյի երաժշտական գործիքների շարքերը՝ դառնալով այդ երաժշտության ամենացայտուն հնչյունը։

Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները, ինչպիսիք են «Բուենոս Այրեսի չորս եղանակները» և «Լիբերտանգո»-ն, պարունակում են բարդ հարմոնիա և բարդ ռիթմեր, որոնք հիմնված են ինչպես դասական երաժշտության, այնպես էլ տանգոյի ավանդույթների վրա: 

Հարմոնիայի այդպիսի բարդ հնարքների շնորհիվ Պիացոլլայի տանգոն սկսեց հնչել ոչ միայն որպես երաժշտություն պարի համար, այլ նաև որպես առանձին դասական երաժշտական ստեղծագործություն։ 

1950-ականներին Պիացոլլան սկսում է զուգակցել տանգոն և կամերային երաժշտությունը, ստեղծում է տանգոյի շարք՝ գրված լարային նվագախմբի համար։ Զուգահեռ ստեղծում է նաև տանգո երաժշտություն կատարող զանազան կվինտետներ (բանդոնեոն, ջութակ, բաս, դաշնամուր, էլեկտրոկիթառ)։

Դասական երաժշտությունը տանգոյի ռիթմերով հարստացնելու գաղափարը, սակայն, միայն արգենտինացի կոմպոզիտորին չէ, որ գրավել է։ Օրինակ, Իգոր Ստրավինսկու «Տանգոն» կոմպոզիտորի ամենառիթմիկ գործերից մեկն է և տարբերվում է նրա մյուս գործերից իր տոնայնությամբ։ Այն, ի դեպ, Ստրավինսկու ամենաշատ ձայնագրված ստեղծագործությունն է դաշնամուրի համար։

Այսօր տանգոյի երաժշտությունն ապրում է որպես առանձին երաժշտական ոճ, երբեմն նաև պարից զատ։ Այն շարունակում է զարգանալ՝ հարստանալով նոր տարրերով և ելևէջներով։

Արգենտինական տանգոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ կարող եք վահելել մայիսի 24-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգին մասնակցում են․ Աստոր Պիացցոլլայի Տանգո Սեքստետի մենակատար, աշխարհահռչակ արգենտինացի բանդոնեոնահար Դանիել Բինելլին, դաշնակահար Պոլի Ֆեռմանը և իհարկե՝ արգենտինայից ժամանած պարող զույգեր։ Դիրիժոր՝ Միգել Անխել Ջիլարդի (Արգենտինա)։

Նախագիծն իրականցվում է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանության հետ համատեղ։

Գլխավոր հովանավոր՝ Կոնվերս բանկ։


Поделиться
Класс