Նորություններ

ergehon-hnaguyn-erazstakan-tacar_yYrhn.jpg
28 03 2023

Երգեհոն․ հնագույն երաժշտական «տաճարը»

Երաժշտական գործիքների բազմազանության մեջ երգեհոնն առանձնանում է իր պատկառելի տեսքով և հնչողությամբ։ Այն, թերևս, ամենահզոր ձայնը, հնչողության ամենալայն դիապազոնը և հարուստ տեմբրն ունեցող գործիքներից մեկն է, եթե ոչ՝ միակը։
    
Թեև այս գործիքի ձայնը մեծապես կապվում է եկեղեցական երաժշտության հետ, նրա արմատները գալիս են դեռևս անտիկ աշխարհից։ Երգեհոնի նախատիպը հին հունական հիդրավլոսն է, որն ուժեղ ձայն ունեցող փողային գործիք էր և  վաղնջական ժամանակներում օգտագործվում էր ձիարշավների, ռազմական երթերի ընթացքում։ 

Հին հույներից հետո այս գործիքը սկսեցին կիրառել հռոմեացիները, որոնք էլ արդեն բյուզանդական ժամանակներում՝ 7-8-րդ դարերում այն անվանեցին όργανο - օրգանո (hուն․ գործիք)։ 

Դարերի ընթացքում երգեհոնը կատարելագործվեց և ստացավ այն տեսքը, որն այսօր մեզ ծանոթ է։ Հետագայում Եվրոպայում այն ​​մեծ ճանաչում ձեռք բերեց և սկսեց կիրառվել ինչպես աշխարհիկ, այնպես էլ եկեղեցական արարողություններում։ 

Գերմանիայում 17-18-րդ դարերում և ավելի ուշ երգեհոնը համարվում էր ամենամեծ պահանջարկ ունեցող գործիքներից մեկը։ 

Երգեհոնային երաժշտության ծաղկման ժամանակներում երաժշտական այս գործիքն աչքի էր ընկնում ոչ միայն իր հարուստ հնչողությամբ, այլ նաև ինքնատիպ ձևավորմամբ․ յուրաքանչյուր երգեհոն առանձնանում էր իր դեկորով, կարելի է ասել, ճարտարապետությամբ։ Միայն ինքը՝ գործիքը, առանձին արվեստի գործ է, որի ձայնն ու տեսքը ներդաշնակորեն համադրվում են միջավայրի հետ։ 

Երգեհոնի ձայնի կատարելության համար մեծ նշանակություն ունի նաև միջավայրը։ 

Ի տարբերություն մյուս երաժշտական գործիքների՝ երգեհոնի հնչողությունը կախված է ոչ թե կորպուսից, այլ այն միջավայրից, որտեղ այն գտնվում է։

Ժամանակակից երգեհոնը բարդ համակարգ է։ Այն միաժամանակ և՛ փողային, և՛ ստեղնաշարային երաժշտական գործիք է, ունի 2-3 ձեռքի ստեղնաշար՝ կազմված 5 օկտավայից կամ 62 ստեղնից և 2,5 օկտավայից կազմված ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից։ Հարյուրավոր ռեգիստրները և մինչև երեսուն հազարի հասնող ամենատարբեր չափերի և նյութերից պատրաստված փողերը ապահովում են այս ազդեցիկ գործիքի ինքնատիպ ձայնը։

Թերևս իզուր չէր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը երգեհոնն անվանում «երաժշտական գործիքների թագուհի»։

Երգեհոնն իր ուրույն տեղն ունի նաև հայաստանյան երաժշտական խճանկարի մեջ։ Հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող երգեհոնների մեջ իր բացառիկ դեկորով և հնչողությամբ առանձնանում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը, որը ստեղծված է 17-18-րդ դարերի երգեհոնների տիպիկ օրինակների հիման վրա։


 


Поделиться
Класс