Նորություններ

kamerayin-erazstutyun-mtermik-erazstutyan-zanr_n6dcW.jpg
07 04 2023

Կամերային երաժշտություն․ մտերմիկ երաժշտության ժանրը

Ցանկացած պահին և ցանկացած տեղում երաժշտության հասանելիությունը մեր ժամանակների մենաշնորհն է։ Մինչդեռ դարեր առաջ երաժշտություն լսելու համար անհրաժեշտ էր այցելել թատրոն կամ էլ եկեղեցի։

Այս ավանդույթին հակոտնյա 15-րդ դարում Եվրոպայում սկսում է ձևավորվել երաժշտական արվեստի մի տարատեսակ՝ գրված տան կամ մասնավոր սրահի համար։ Այս ժամանակ է, որ բարձրաշխարհիկ հասարակության շրջանում ցանկություն է առաջանում վայելելու ոչ եկեղեցական բովանդակությամբ երաժշտություն՝ ոչ հանդիսավոր միջավայրում։

Ի սկզբանե կամերային երաժշտություն ասելով հասկանում էին լարային և փողային, հաճախ նաև ստեղնաշարային գործիքների համադրության համար ստեղծված երաժշտություն, որը նվագում էին փոքր սրահներում՝ սենյակում  (լատ․ camera - սենյակ)։

Բնականաբար այսպիսի մտերմիկ պայմաններում հնչող երաժշտությունը ենթադրում էր ոչ միայն ունկնդիրների, այլ նաև կատարողների սահմանափակ քանակ։

Թե ինչ գործիքներ են ընդգրկված եղել կամերային երաժշտության նվագախմբերում, կարելի է պատկերացում կազմել դարեր առաջ ստեղծագործած գեղանկարիչների գործերից։ Այսպիսով, գերմանացի գեղանկարիչ Ադոլֆ ֆոն Մենցելի «Ֆրիդրիխ Մեծի ֆլեյտայի կոնցերտը Սանսուսիում» (1852թ․) կտավում արքայի հետ տեսնում ենք կամերային նվագախումբ՝ բաղկացած կլավեսինահարից, թավջութակահարից, ջութակահարներից։

16-րդ դարից սկսած կամերային երաժշտությունը՝ որպես ժանր սկսում է հստակ տարանջատվել եկեղեցական երաժշտությունից, իսկ մեկ դար անց՝ 1635թ․ իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Արրիգոնին հրապարակում է իր «Concerti da camera» ժողովածուն՝ գրված հենց կամերային նվագախմբի համար։ Հետզհետե ի հայտ են գալիս նաև կամերային երաժշտության վոկալային ժանրերը՝ կանտատան և դուետը։

17-18-րդ դարերում ձևավորվում և ծաղկում է ապրում տրիո-սոնատան՝ կամերային գործիքային երաժշտության հիմնական ձևը՝ գրված երեք գործիքի՝ երկու ջութակի և անընդհատ բասի (օրինակ՝ կլավիրի կամ թավջութակի) համար։ Ձևավորվում են նաև կամերային նվագախմբի հիմնական տեսակները՝ տրիոն, կվարտետը, կվինտետը և այլն։ Դրանք իրենց կատարելությանն են հասնում Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ Վան Բեթհովենի ստեղծագործություններում։

Կամերային երաժշտությունը մշտապես կրել է իր ժամանակի գեղարվեստական միտումները, համընթաց քայլել արվեստում իշխող ուղղությունների հետ։ Տարբեր ժամանակներում կամերային նվագախմբերի համար երաժշտություն ստեղծող կոմպոզիտորները նոր ոճեր ու մոտիվներ են ներմուծել իրենց ստեղծագործություններում։ 

Անվանի կոմպոզիտորների կամերային գործերին հայ ունկնդիրը հաղորդակից է դառնում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շնորհիվ։ Ճարտարապետական մեծ արժեք ունեցող այս կառույցի բեմից հնչել և պարբերաբար հնչում են արտասահմանցի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտական գործերն՝ իրենց ներկայությամբ։


Поделиться
Класс