Նորություններ

111_lybHn.jpg
14 05 2022

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրվել է մասնակցելու Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրվել է Մոսկվա՝ մայիսի 17-20-ը հանդես գալու Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ Մայիսի 19-ին «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Յուրի Բաշմետն է, կտոնի հիմնադրման 30-ամյակը։ Այդ առիթով 2022 թվականին կանցկացվի Կամերային նվագախմբերի յուրահատուկ փառատոնը, որին կմասնակցեն առաջատար 5 կամերային նվագախմբեր։ Փառատոնի շրջանակում նախատեսվում է իրականացնել հինգ համերգ, որոնցից մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժոր՝ Անտոն Շաբուրով, մենակատար՝ Սոնա Բարսեղյան (դաշնամուր)։ Կհնչի նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։ Իսկ մայիսի 19-ին կայանալիք հոբելյանական համերգին Մոսկվայի ՊԻՉայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հանդես կգան բոլոր հինգ նվագախմբերը, այդ թվում՝  ՀՊԿՆ-ը, կկատարեն հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործությունները։  

«Մեզ համար առանձնահատուկ հաճելի է, որ Մոսկվայում Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթները համընկում են նվագախմբի հիմնադրման 60-ամյակի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ»,-հրավերի տեքստում ընդգծել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետը և փառատոնի պրոդյուսեր Դմիտրի Գրինչենկոն։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեծագույն սիրով է ընդունել առաջարկը և ակտիվ պատրաստվում է համերգներին։ Մի քանի օրից Հայաստան կժամանի դիրիժոր Անտոն Շաբուրովը, ով մայիսի 18-ին ղեկավարելու է նվագախումբը, նվագախմբի հետ փորձեր անցկացնելու և պատասխանատու ելույթներին պատրաստվելու նպատակով։

Նախագիծն իրականացվում է հրավիրող կողմի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Поделиться
Класс