Սեդրակ և Կամիլա Երկանյանների համերգ-ցուցահանդեսը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի և նրա դստեր՝ Կամիլա Երկանյանի համերգ-ցուցահանդեսը։
Երաժշտությունն ու կերպարվեստը միավորող այս ինքնատիպ երեկոյին համերգասրահի պատերը զարդարվել էին Սեդրակ Երկանյանի գեղանկարներով և Կամիլա Երկանյանի գծանկարներով՝ նեյրոգրաֆիկան և դուդլ արտի համադրությամբ, որոնցից շատերն առաջին անգամ էին ներկայացվում հանրությանը։
Երաժշտական ծրագրում ընդգրկված էին Ֆրեդերիկ Շոպենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները։ Սեդրակ Երկանյանի մենակատարմամբ հնչել են Շոպենի երկրորդ սկերցոն, Մոցարտի ֆանտազիան և ռոնդոն, իսկ Սեդրակ և Կամիլա Երկանյանների համատեղ կատարմամբ՝ Ռախմանինովի՝ երկու դաշնամուրի համար գրված սյուիտը։
Համերգի ավարտից հետո հանդիսատեսը հնարավորություն է ունեցել անմիջական շփում ունենալու երաժիշտների հետ՝ զրուցելով ներկայացված կտավների և համերգային ծրագրի շուրջ։
Երաժշտության և գեղանկարչության յուրահատուկ երկխոսությամբ համերգ-ցուցահանդեսը հանդիսատեսին հնարավորություն է ընձեռել բացահայտելու հայր և դուստր Երկանյանների բազմակողմանի ստեղծագործական աշխարհը։