Ռոբերտ Մլքեյան
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
Ծնվել է 1961 թվականին Երևանում։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր և ՀՀ ժողովրդական արտիստ։
Սովորել է Սանկտ Պետերբուրգում՝ սիմֆոնիկ և երգչախմբային դիրիժորություն մասնագիտությամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ Էմին Խաչատրյանի դասարանում, ինչպես նաև եղել է նրա ասիստենտ-ստաժորը։
1984-1986 թվականներին ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտության ամբիոնների ուսանողական երգչախումբը։
1988-1992 թվականներին ղեկավարել է Կոնսերվատորիայի երիտասարդական երգչախումբը, որն արժանացել է հանրապետական մրցույթի «Գրան պրի» մրցանակին։
1992-2000 թվականներին եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Նույն ժամանակահատվածում ղեկավարել է նաև Գյումրիի կամերային երգչախումբը՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
1995 թվականից Երևանում ղեկավարել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որի գործունեությունը նշանավորվել է հանրապետությունում ունեցած հաջողություններով և բազմաթիվ հյուրախաղերով։
Հանովերում կայացած EXPO 2000 համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի օրերի երաժշտական ծրագրի գեղարվեստական ղեկավարն է եղել։ Ծրագիրն արժանացել է առաջին մրցանակի։
2000 թվականից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։
Նրա ղեկավարությամբ թողարկվել է «ARS POETICA» ձայնասկավառակը՝ աշխարհահռչակ ECM ձայնագրման ընկերության կողմից։ Ձայնասկավառակի մասին ծավալուն տեղեկատվություն է հրապարակվել բրիտանական հեղինակավոր «The Gramophone» երաժշտական պարբերականում։
Հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում, Փարիզում, Լիոնում, Մարսելում, Ժնևում, Բրյուսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում, Թբիլիսիում, Գորիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Բերգամոյում, Տորոնտոյում, Օտտավայում, Նիագարայում և Դրեզդենում։ Դրեզդենում հանդես է եկել նաև ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ Ֆրաուենկիրխե տաճարում։
2015 թվականին Մեքսիկայում, տեղի ազգային նվագախմբի և երգչախմբի հետ, ղեկավարել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» և ալտի կոնցերտը՝ մենակատար Քիմ Քաշքաշյանի մասնակցությամբ։ Նույն թվականին համերգներով հանդես է եկել նաև Շվեյցարիայում՝ Բեռնի նվագախմբի և մանկական երգչախմբի հետ, ինչպես նաև Լիբանանում, Արգենտինայում և Հունաստանում։
Առանձնահատուկ նշանակություն ունի 2021 թվականի հունիսին Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությունը Ռավենայի փառատոնին՝ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի հրավերով։
Բազմաթիվ ժողովրդական երգերի խմբերգային մշակումների, ինչպես նաև թատերական ներկայացումների համար գրված երաժշտական ստեղծագործությունների և երաժշտական ձևավորումների հեղինակ է։
Իր բազմամյա ստեղծագործական և ղեկավարական գործունեության ընթացքում նշանակալի հաջողությունների է հասել ինչպես անհատապես, այնպես էլ Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ։