Նորություններ

jpg-17_Davja.jpg
13 05 2026

Պորտուգալացի կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը Երևանում 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 12-ին կայացել է պորտուգալացի հանրաճանաչ կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը՝ հանդիսատեսին փոխանցելով պորտուգալական կիթառային արվեստի տրամադրությունն ու յուրահատուկ երաժշտական գունապնակը։

Համերգային ծրագրում հնչել են պորտուգալացի, կուբացի, իտալացի և հայ հեղինակների ստեղծագործություններ՝ միավորելով տարբեր մշակույթների երաժշտական ավանդույթներն ու ժամանակակից հնչերանգները։ Երեկոյի ընթացքում ներկայացվել են ինչպես դասական կիթառային երաժշտության ճանաչված էջեր, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ ու համաշխարհային պրեմիերաներ։

Հատուկ տեղ են զբաղեցրել հայկական երաժշտական մշակումները՝ Սբ. Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավուն»-ը, Էդվարդ Միրզոյանի «Տխուր վալս»-ը և հայկական ավանդական «Արի իմ Սոխակ»-ը՝ Փարդի Մինասյանի մշակումներով։

Երաժշտասերները հնարավորություն են ունեցել վայելելու նաև Լուիս Կարվալյոյի «Արաբեսկ I» և «Արաբեսկ II» ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերան, ինչպես նաև Լեո Բրաուվերի «Սոնատ 1»-ը։ Անտոնիո Պինյո Վարգասի «Խաղալիքներ» և «Թոմ Վեյթս» ստեղծագործությունները հնչել են Պեդրո Ռոդրիգեսի մշակմամբ՝ ստանալով նոր հնչողություն և արտահայտչական յուրահատուկ երանգներ։

Միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր Պեդրո Ռոդրիգեսը հանդես է եկել աշխարհի առաջատար բեմերում՝ արժանանալով հանդիսատեսի և մասնագիտական հանրության բարձր գնահատականին։ Նրա երևանյան մենահամերգը դարձել է մշակութային հիշարժան իրադարձություն՝ լեցուն նուրբ երաժշտական գույներով և բարձր կատարողական արվեստով։

 


Поделиться
Класс