Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»-ը՝ «Տաղարան» համույթի կատարմամբ
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը փետրվարի 26-ին կատարել է բարոկո երաժշտության ամենաազդեցիկ գլուխգործոցներից մեկը՝ Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»-ը, որտեղ մայրական վիշտը վերածվում է լույսի, իսկ ցավը՝ աղոթքի։
Ստեղծագործությունը հնչել է ամբողջական կառուցվածքով՝ ներառելով «Ստաբատ Մատեր դոլորոսա»-ից մինչև եզրափակիչ «Ամեն» հատվածը։
Հաջորդիվ հնչել է Պերգոլեզիի «Տիրուհի սպասուհին» օպերայի նախերգանքը, որը հայաստանյան հանդիսատեսին ներկայացվել է առաջին անգամ։
Ծրագրում ընդգրկված էր նաև Վիվալդիի Ֆագոտի կոնցերտը սոլ մինորում, որը բարոկո երաժշտությանը բնորոշ արտահայտչականությամբ հարստացրել է համերգային երեկոն։
Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որպես մենակատարներ հանդես են եկել սոպրանո Գայանե Ղամբարյանը, մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը և ֆագոտահար Զավեն Հարությունյանը։