Նորություններ

img-11_2MWKA.jpg
26 10 2026

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 24-ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում մենահամերգով հանդես է եկել շվեյցարացի անվանի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն։

Երևանում կայացած համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին, դիվանագիտական կորպուսի և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։

Համերգային ծրագրում ընդգրկված էին Յոհան Սեբաստիան Բախի, Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսոյի, Ջակոմո Պուչինիի և Գի Բովեի ստեղծագործությունները, ինչպես նաև իսպանական, մեքսիկական և շվեյցարական ժողովրդական երաժշտության նմուշներ։

Ծրագիրն առանձնացել է երաժշտական ոճերի և ազգային ավանդույթների բազմազանությամբ՝ բացահայտելով երգեհոնի կատարողական հարուստ հնարավորությունները։

Համերգի ավարտին Գի Բովեն որպես բիս ներկայացրել է իմպրովիզացիա՝ Կոմիտասի «Անձրևն եկավ» ստեղծագործության թեմայով։

Գի Բովեն երգեհոնային արվեստի ամենահեղինակավոր մասնագետներից և հետազոտողներից է։ Լինելով պատմական երաժշտական գործիքների վերականգնման և պահպանման ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ՝ նա հեղինակել է երգեհոնի պատմությանը նվիրված շուրջ 1400 հոդված։ Երաժիշտը դասավանդել է Եվրոպայի մի շարք հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում։ Նա ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ և հեղինակել շուրջ 250 երաժշտական ստեղծագործություն։

Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 22-ին Գի Բովեն մենահամերգով հանդես է եկել նաև Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։

Գի Բովեի՝ Չարենցավանում և Երևանում կայացած համերգները իրականացվել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ։

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Поделиться
Класс