Նվիրում ուսուցչին. համերգ՝ նվիրված Սերգեյ Սարաջյանի հոբելյանին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 13-ին տեղի է ունեցել «Սոնետ» դաշնամուրային դուետի համերգը՝ նվիրված անվանի դաշնակահար, պրոֆեսոր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր Սերգեյ Սարաջյանի հոբելյանին։
Համերգին ներկա էր Սերգեյ Սարաջյանը։
Դուետի դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանն ու Սոնա Բարսեղյանը հանդիսատեսին ներկայացրել են նրբաճաշակ և բազմաշերտ համերգային ծրագիր, որն ընդգրկում էր ծաղկաքաղ՝ երկու դաշնամուրի և չորս ձեռքի համար գրված եվրոպական և ռուսական դասական երաժշտության լավագույն էջերից։ Ծրագրում հնչել են Գաբրիել Ֆորեի, Ֆրանց Շուբերտի, Ֆրանցիս Պուլենկի, Սերգեյ Ռախմանինովի և Վիտոլդ Լյուտոսլավսկու ստեղծագործությունները։
Համերգի երկրորդ բաժնում դաշնակահարները ներկայացրել են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ կատարելով Գեորգի Սարաջյանի «Աշուղական թեմաներով սյուիտից» երեք պիես, ինչպես նաև Սերգեյ Սարաջյանի «Կոմիտասի թեմաներով սյուիտից» երկու պիես՝ որպես յուրօրինակ երաժշտական խոնարհում հոբելյարին։
«Սոնետ» դաշնամուրային դուետը ստեղծվել է 2003 թվականին։ Դուետի կազմում են՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահար Արմինե Գրիգորյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր՝ Տարվա լավագույն երիտասարդ կատարող անվանակարգում՝ Սոնա Բարսեղյանը։