Մամուլի ասուլիս. «Ճախրուկ» միջազգային ներառական 6-րդ փառատոն
«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հուլիսի 28-ին կայացել է «Ճախրուկ» միջազգային ներառական 6-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են փառատոնի գաղափարախոսությունը, ծրագիրը, նպատակներն ու սպասվող միջոցառումները։
Ասուլիսի բանախոսներն էին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Սարգսյանը, «Ճախրուկ» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Մխիթարյանը, ինչպես նաև «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները։
Ներկայացնելով փառատոնի ծրագիրը՝ բանախոսները տեղեկացրել են, որ այն կկայանա օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում՝ «Ճախրուկ» հասարակական կազմակերպության, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, նրա կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախմբի և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համագործակցությամբ։
Փառատոնը կմեկնարկի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով և «Վանակն» ավանդական պարի խմբի ազգային պարային կատարումներով, որից հետո կանցկացվի համերգային ծրագիրը։ Այն կներկայացնեն Երևանի պետական կամերային երգչախումբն ու Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ հնչեցնելով Կոմիտասյան, հոգևոր, օրորոցային և հայկական ժողովրդական երգարվեստի լավագույն նմուշները։
Գարեգին Սարգսյանն ընդգծել է, որ սա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի և «Ճախրուկ» հասարակական կազմակերպության առաջին համագործակցությունն է՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ։ Նա նշել է, որ փառատոնը կունենա գունեղ և ազգային շնչով հագեցած ծրագիր, ինչպես նաև բարձր է գնահատել Մխիթարյան քույրերի մարդասիրական գործունեությունը՝ շնորհակալություն հայտնելով նրանց տարիներ շարունակ իրականացվող կարևոր առաքելության համար։
Աննա և Անահիտ Մխիթարյանները նշել են, որ հոգևոր, օրորոցային և էթնիկ երաժշտությունը մեծ ազդեցություն ունի մարդու ներաշխարհի վրա՝ ունենալով նաև առողջարար նշանակություն։ Նրանց խոսքով՝ փառատոնի գլխավոր գաղափարը մարդկանց համախմբելն է՝ ստեղծելով մեկ մեծ, հոգատար ընտանիքի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է բացահայտել և զարգացնել իր կարողություններն ու տաղանդը։
Բանախոսները կարևորել են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների մշակութային զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր երեխայի մեջ առկա տաղանդը պետք է բացահայտել և աջակցել դրա զարգացմանը։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել է նաև փառատոնի ստեղծման պատմությունն ու առաքելությունը։ «Ճախրուկ»-ը հիմնադրվել է 2019 թվականին Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների նախաձեռնությամբ, իսկ 2021 թվականից վերածվել է ամենամյա միջազգային ներառական փառատոնի, որը միավորում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների և մեծահասակների, մասնագիտացված հաստատությունների, աջակցության կենտրոնների, ինչպես նաև հանրակրթական և արվեստի դպրոցների սաներին։
Փառատոնի գլխավոր ուղերձն է.
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։
«Ճախրուկ» միջազգային ներառական 6-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։