Նորություններ

5_OuYBA.png
03 11 2025

ՀՊԿՆ. Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո №3»-ի համաշխարհային պրեմիերան Կամերայինում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրել է համաշխարհային պրեմիերա՝ «Լռությունից՝ հնչյուն» խորագրով համերգի շրջանակում կատարելով հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո №3» ստեղծագործությունը։

Համերգը ղեկավարել է դիրիժոր Գրիգոր Առաքելյանը, մենակատարներ էին տաղանդաշատ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը և գերմանացի անվանի դաշնակահարուհի Սոնտրաուդ Շպայդելը։

Երեկոն մեկնարկել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի անմահ ստեղծագործություններով՝ «Փոքրիկ գիշերային սերենադ» և «Դիվերտիմենտո ռե մաժոր»՝ դահլիճում ստեղծելով յուրօրինակ ներդաշնակությամբ լցված երաժշտական մթնոլորտ։

Համերգի երկրորդ մասում հնչել է Վաչե Շարաֆյանի «Կոնչերտո Գրոսսո №3» ստեղծագործությունը, որը բաղկացած է վեց մասից և գրված է ջութակի, դաշնամուրի, նվագախմբի ու կլավեսինի համար։ Ստեղծագործությունը բազմաշերտ է՝ լի մեղեդայնությամբ, հարմոնիկ աղմուկների նուրբ համադրությամբ, հայերեն և համաշխարհային երաժշտական մտածողության զուգահեռներով ու երկխոսությամբ։

Հատուկ այս ստեղծագործության համար Հայաստանում առաջին անգամ հնչել է վոթերֆոն (waterphone) գործիքը, որն իր յուրահատուկ հնչողությամբ լրացրել է կոմպոզիցիայի արտահայտչական երանգները։


Поделиться
Класс