Նորություններ

img-115jpg_Id59o.jpeg
25 03 2026

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը՝ «Ֆրանկոֆոնիկ Տաղարան» համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 24-ին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի պաշտոնական մեկնարկը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը, ինչպես նաև ֆրանկոֆոն երկրների դեսպաններ և այլ պաշտոնատար անձինք։

Ազդարարելով երկամսյակի մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Նրա խոսքով՝ միջոցառումները միավորված են «Հայաստան–Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն» խորագրի շուրջ, որն ամբողջությամբ արտացոլում է ֆրանկոֆոն համայնքը միավորող արժեքները։

Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ մեկնարկը նշվում է երաժշտությամբ՝ ընդգծելով դրա միավորող ուժը։ Նրա համոզմամբ՝ երկամսյակը կդառնա նոր գաղափարների, ստեղծարար համագործակցության և բարեկամության ամրապնդման կարևոր հարթակ՝ վերահաստատելով, որ լեզուն, մշակույթը և արվեստը կարող են ծառայել որպես խաղաղության և համերաշխության ամուր հիմք։

Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար բազմակողմ համագործակցության կարևոր հարթակ է, որը նպաստում է միջազգային գործընկերության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքն իր ելույթում նշել է, որ Ֆրանկոֆոնիան միավորում է մարդկանց՝ ձևավորելով երկխոսության, վստահության և համերաշխության ամուր հարթակ։ Նրա խոսքով՝ այս համայնքը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք նպաստում են ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացմանը և խաղաղության մշակույթի ամրապնդմանը։ Նա ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է պահպանել և զարգացնել այս հանձնառությունը՝ հանուն խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման։

Համերգային ծրագրում հնչել են ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտորներ Կլոդ Բալբաստրի, Ժան-Բատիստ Լյուլլիի, Ժան-Ֆիլիպ Ռամոյի և Դանիել Ֆրանսուա Էսպրի Օբերի ստեղծագործությունները՝ ներկայացնելով ֆրանսիական բարոկկո երաժշտության ոճական բազմազանությունն ու գեղարվեստական նրբությունը։

Համերգին որպես մենակատար հանդես են եկել երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը և սոպրանո Գալինա Ցոլակյանը, համերգը ղեկավար է «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։


Поделиться
Класс
Լրահոս