Նորություններ

photo-69jpg-1_ASMVY.jpeg
26 02 2026

Հայ մեծ պոետ Իսահակյանի պոեզիան՝ հայ կոմպոզիտորների մեղեդիներով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 25-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին ներկայացրել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային ծրագիր՝ «Իսահակյանը երգերում» խորագրով։

Երեկոն ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։

Ծրագրում հնչել են Իսահակյանի խոսքերով գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Արմեն Տիգրանյան, Դանիել Ղազարյան, Վլադիլեն Բալյան, Էդուարդ Միրզոյան, Էդուարդ Աբրահամյան, Ռոբերտ Մլքեյան։

Երեկոյի առանձնահատուկ շեշտադրումը դարձել է Տիգրան Մանսուրյանի նուրբ և խորիմաստ երգաշարը՝ «Ծով», «Ռավենայում», «Արևելքի հավքը», «Ալագյազը աստղերի մեջ», «Լուսինն ինչպես կարապ», «Սև մութ ամպեր», «Ալագյազի լանջերում»։

Համերգին ներկա էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը։

Վերջինս իր շնորհակալական խոսքում նշել է, որ հայ մեծանուն բանաստեղծի ժողովրդական ու դասական խոսքը երգչախմբի հնչյուններում նոր կյանք է ստանում՝ վերահաստատելով հայ պոեզիայի և հայ ժողովրդի անմահ լինելը։

Համերգը եզրափակվել է Ռոբերտ Մլքեյանի «Բինգյոլ» ստեղծագործությամբ՝ աշուղական մեղեդայնությամբ ամբողջացնելով համերգի ազգային ու հուզական պատկերը։


Поделиться
Класс