Հայ կոմպոզիտորների դաշնամուրային երաժշտության երեկո՝ անկախության օրվան ընդառաջ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 17-ին կայացել է հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների երեկո՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան ընդառաջ։
Մենահամերգային ծրագրով հանդես են եկել Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Իզաբելլա Մարությանը։
Համերգային երեկոն ընդգրկել է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի նշանավոր ներկայացուցիչների՝ Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Գագիկ Հովունցի ստեղծագործությունները։
Հնչել են Ղազարոս Սարյանի «Երեք պոստլյուդիան», Էդվարդ Միրզոյանի «Տոկատինան» և «Պոեմը», Ալեքսանդր Հարությունյանի ու Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունները, ինչպես նաև Գագիկ Հովունցի «Մոնոգրամ» շարքից երկու պիես՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին և Առնո Բաբաջանյանին։
Կատարվել են նաև Էդվարդ Միրզոյանի «Լեզգինկան»՝ պարային սյուիտից, Մարտին Վարդազարյանի՝ երկու դաշնամուրի համար կատարած փոխադրմամբ, և Ալեքսանդր Հարությունյանի ու Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիան»՝ երկու դաշնամուրի համար։
Ներկայացված կոմպոզիտորներից յուրաքանչյուրն իր նշանակալի տեղն ունի հայ երաժշտարվեստի պատմության մեջ։ Նրանց ստեղծագործական ժառանգությունը կարևոր դեր է ունեցել հայկական երաժշտական մշակույթի զարգացման և միջազգային հարթակներում դրա ներկայացման գործում՝ արժեքավոր ժառանգություն դառնալով նաև հաջորդ սերունդների համար։
Համերգավարն էր Օլյա Նուրիջանյանը։