Կոմիտասի ստեղծագործությունները հնչել են ջազային մեկնաբանությամբ՝ «Jazzical Komitas» նախագծի շրջանակում
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է բացառիկ «Jazzical Komitas» համերգային նախագիծը՝ միավորելով Կոմիտասի երաժշտական ժառանգությունն ու ջազային նորարարությունը։
Համերգի մենակատարն էր Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը, իսկ համերգը ղեկավարում էր բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։
Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ կենդանի ունկնդրել է Ջոել Մարտինի հեղինակած «Jazzical Komitas» մշակումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ Կոմիտասի ստեղծագործությունները հնչել են նոր և ինքնատիպ մեկնաբանությամբ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Համերգը «Jazzical Komitas» միջազգային նախագծի շրջանակում էր, որը նախատեսում է համաշխարհային շրջագայություն աշխարհի տարբեր քաղաքներում։ Երևանյան ելույթը դարձել է նախագծի կարևոր կանգառներից մեկը՝ ներկայացնելով հայկական երաժշտական ժառանգությունը միջազգային մշակութային երկխոսության համատեքստում։