Կիթառի երաժշտության երեկո՝ երկու սերունդների հանդիպում մեկ բեմում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 21-ին կայացել է «Կիթառի երաժշտության երեկո» խորագրով համերգը։
Համերգային ծրագրով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր, Ջաղացպանյանի աշակերտուհի Բարդի Մինասյանը։
Երեկոյի ընթացքում հնչել են արևմտաեվրոպական և լատինաամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ներկայացնելով կիթառի երաժշտության գեղեցկությունն ու բազմազանությունը։
Համերգի ընթացքում Հակոբ Ջաղացպանյանը յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից առաջ ներկայացրել է կոմպոզիտորին՝ անդրադառնալով տվյալ գործի ստեղծման պատմությանն ու նշանակությանը։
Բարդի Մինասյանի համար այս համերգն առանձնահատուկ նշանակություն ուներ։ Դեռ Սիրիայում ապրելու տարիներին նա հեռուստատեսությամբ հետևել է Հակոբ Ջաղացպանյանի ելույթներին՝ չպատկերացնելով, որ տարիներ անց կդառնա նրա աշակերտը և միասին հանդես կգան նույն բեմում։
Բարդի Մինասյանի մասնագիտական ու ստեղծագործական կայացման ճանապարհին Հակոբ Ջաղացպանյանը կարևոր դեր է ունեցել՝ դառնալով նրա համար ոչ միայն ուսուցիչ, այլև հարազատ մարդ։
Համերգը մեկ բեմում միավորել է հայ կիթառային կատարողական արվեստի երկու սերունդների՝ ընդգծելով երաժշտական ավանդույթների շարունակականությունը։