Նորություններ

jpg1-20_peQ-m.jpg
04 06 2026

Իտալիայի Հանրապետության ազգային տոնին նվիրված երեկո Կամերայինում

Իտալիայի Հանրապետության ազգային տոնին և Հանրապետության հռչակման 80-ամյակին նվիրված հանդիսավոր երաժշտական երեկո է անցկացվել հունիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, որտեղ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացրել է «Իտալական երաժշտության մարգարիտները՝ բարոկկոյից մինչև կինոերաժշտություն» համերգային ծրագիրը։

Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին՝ անդրադառնալով հայ-իտալական մշակութային համագործակցությանն ու դրա զարգացման հեռանկարներին։

Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանը, մենակատար՝ մեցցո-սոպրանո Բելլա Ամարյան։

Ծրագրի սկիզբը տրվել է Արկանջելո Կորելլիի հանրահայտ, վեց մասից բաղկացած «Սուրբ Ծննդյան կոնցերտ» ստեղծագործությամբ, որը բարոկկո երաժշտության ամենանշանավոր և սիրված ստեղծագործություններից է։

Համերգային ծրագրում ներառված էին նաև Օտտորինո Ռեսպիգիի, Լուիջի Բոկերինիի, Ջակոմո Պուչինիի և Պիետրո Մասկանիի ստեղծագործությունները։

Երեկոն եզրափակվել է Նինո Ռոտայի՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ» ֆիլմի հանրահայտ մեղեդիով, որը հանդիսատեսին փոխանցել է իտալական կինոերաժշտությանը բնորոշ նուրբ հուզականությունն ու ջերմությունը։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության միջև ձևավորված համագործակցության շրջանակում վերջին տարիներին իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր, որոնց շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ծանոթանալու իտալական երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործական գործունեությանը և կատարողական արվեստին։


Поделиться
Класс
Լրահոս