Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին նվիրված հոբելյանական համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 27-ին կայացել է համերգային երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային և հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին։
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Հայկ Բաբայանը, դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանը, ինչպես նաև Միրզոյան լարային քառյակը։
Ծրագրում հնչել են Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները՝ սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, «Ալբոմ թոռնիկիս» և պոեմ դաշնամուրի համար, լարային կվարտետ, ինչպես նաև «Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում»՝ ջութակի և դաշնամուրի համար։
Համերգի ավարտին, որպես բիս, Սերգեյ Խաչատրյանը և Միրզոյան լարային քառյակը ներկայացրել են Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը։
Հոբելյանական համերգը հանդիսացել է հայ դասական երաժշտության բարձրարժեք ներկայացում՝ ընդգծելով Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական ժառանգության կարևորությունը և նրա նշանակալի ավանդը հայկական երաժշտական մշակույթի զարգացման գործում։
Համերգը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։