Էդուարդ Թադևոսյան
Գեղարվեստական ղեկավար
Ծնվել է 1947 թ․ Երևանում։
Առաջին մենահամերգը կայացել է 1959 թ․, երբ սովորում էր Պ․ Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 5-րդ դասարանում (դասատու՝ վաստակավոր ուսուցիչ Տատյանա Հայրապետյան)։
1963 թ․ 9-րդ դասարանի աշակերտ Է․ Թադևոսյանը, Արամ Խաչատրյանի առաջարկով, կատարել է մեծանուն կոմպոզիտորի «Ջութակի կոնցերտը»՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ․ հոբելյանական համերգը նվիրված էր կոմպոզիտորի ծննդյան 60-ամյակին։
1965 թ․ ավարտական դասարանում արժանացել է Անդրկովկասյան մրցույթի դափնեկրի կոչման (Թբիլիսի)։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարան։
Ուսանողական տարիներին երկու անգամ դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր (1967 թ․՝ Լեհաստանում, Հ․ Վենյավսկու անվան, 1969 թ․՝ Փարիզում, Մ․ Լոնգի ու Ժ․ Տիբոյի անվան)։
Ավարտական կուրսում Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր Ավետ Գաբրիելյանը նրան հրավիրել է քառյակ՝ որպես երկրորդ ջութակահար։ Զուգահեռաբար, որպես մենակատար-ջութակահար, ելույթներ է ունեցել ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ 1976 թ․ Ա․ Գաբրիելյանը նրան է փոխանցել իր ջութակը և առաջին ջութակահարի տեղը։
Էդուարդ Թադևոսյանը համերգային գործունեությունը մեծ հաջողությամբ զուգակցել է մանկավարժությանը։ 1987 թ․ Համամիութենական բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է պրոֆեսորի կոչում։
Է․ Թադևոսյանը 1988-2000 թթ․ ղեկավարել է Երևանի պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնը, իսկ 1996-2018 թթ․՝ նվագախմբային ֆակուլտետը։ Նրա սաներից շատերը դարձել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ։
Է․ Թադևոսյանին են նվիրվել հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ՝ ինչպես ջութակի, այնպես էլ կվարտետի համար, որոնց առաջին կատարողը նա է եղել։
Կոմիտասի անվան քառյակի կազմում ելույթներ է ունեցել 50-ից ավելի երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Վենեսուելայում, Կոլումբիայում, Գերմանիայում և այլուր։ Որպես մենակատար նրա ելույթները նույնպես ընդարձակ աշխարհագրություն ունեն՝ Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Մալազիա, Հոլանդիա, Հունգարիա, Լեհաստան, Բուլղարիա և այլն։
Երկար տարիներ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահն է, նաև Ա․ Գաբրիելյանի և Ս․ Ասլամազյանի անվան հանրապետական մրցույթի հանձնաժողովի անփոփոխ նախագահը։ Վալերի Գերգիևի հրավերով Մոսկվայում Պ․ Ի․ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի անդամ (2023 թ․), վարպետության դասեր է անցկացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
1978 թ․ արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման, 1984 թ․՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1985 թ․՝ Հայկական ԽՍՀ Պետական մրցանակի, 2010 թ․՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։
2014 թ․ արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչման, 2015 թ․՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի, 2019 թ․՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի։
2021 թ․ ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պուշկինի մեդալով։