Նորություններ

jpg17-9_S2uV0.jpg
31 07 2026

Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 30-ին կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, անվանի խմբավար, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակին։

Համերգը հարգանքի և երախտագիտության տուրք էր հայկական խմբերգային արվեստի մեծանուն նվիրյալին, որի ստեղծագործական, մանկավարժական և կազմակերպչական գործունեությունը տասնամյակներ շարունակ նշանակալի դեր է ունեցել ազգային խմբերգային մշակույթի զարգացման և միջազգային ճանաչման գործում։

Համերգը մեկնարկել է Հարություն Թոփիկյանի կյանքին և ստեղծագործական ուղուն նվիրված ֆիլմաշարի ցուցադրությամբ, որը ներկայացրել է մեծանուն խմբավարի ստեղծագործական ժառանգությունը, նրա գործունեության կարևորագույն դրվագներն ու Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման և կայացման պատմությունը։

Հոբելյանական համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երկանյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները՝ հեղինակների, որոնց երաժշտությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Հարություն Թոփիկյանի ստեղծագործական աշխարհում։

Համերգը ղեկավարել է Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Քրիստինա Ոսկանյանը։


Поделиться
Класс