Նորություններ

202510151801250007_rziij.png
15 10 2025

Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնի հերթական կանգառը Կապանում էր

Կապանի արվեստի պետական քոլեջում՝ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում, հոկտեմբերի 14-ին կայացել է երգեհոնային երաժշտության համերգ։

Համերգի մեկնարկին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն, փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Սուքիասյանը, ողջունելով հանդիսատեսին, կարևորել է փառատոնի շրջանակում համերգի անցկացումը հենց Կապանի արվեստի պետական քոլեջի՝ Վահագն Ստամբոլցյանի անունը կրող դահլիճում։ Դա, ըստ նրա, միաժամանակ պարտավորեցնող է և հաճելի։ Իր խոսքում Սուքիասյանը նաև ընդգծել է փառատոնային համերգները մարզերում անցկացնելու կարևորությունը։ Համերգներ կազմակերպվում են այն քաղաքներում, որտեղ կա երգեհոն, որոնք տեղադրվել են հենց հայկական երգեհոնային դպորցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ջանքերով։

Համերգի շրջանակում ելույթ են ունեցել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Թերեզա Ոսկանյանը և Հարություն Թագվորյանը, ինչպես նաև Կապանցի երգեհոնահար Մարինա Նահապետյանը, սոպրանո Հասմիկ Մարտիրոսյանը և Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն, թավջութակահար Աշոտ Խաչատրյանը։

Համերգային ծրագիրը համադրել է հայկական և եվրոպական հոգևոր երաժշտության ավանդույթները՝ ներկայացնելով Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Յոհան Սեբաստյան Բախի, Դիտրիխ Բուքստեհուդեի և այլ հեղինակների ստեղծագործություններ։

Համերգի ավարտին Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ արդեն երրորդ տարին անընդմեջ Կապանում փառատոնային համերգներ անցկացնելու և, ամենակարևորը, ծրագրում կապանցի երաժիշտներին ներգրավելու համար։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը ոչ միայն ոգևորիչ է, այլև կարևոր խթան է Կապանում երգեհոնային արվեստի պահպանման և զարգացման համար։


Поделиться
Класс