Երգեհոնային երաժշտության երեկո՝ նվիրված Բախի ծննդյան տարեդարձին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 22-ին կայացել է երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան տարեդարձին։
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Լուսինե Հարությունյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, ինչպես նաև սոպրանո Գայանե Մաթևոսյանը, ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը։
Ծրագրում հնչել են Բախի բազմաշերտ և խորաթափանց ստեղծագործություններից ընտրված էջեր՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ գույնով և տրամադրությամբ։
Հարություն Թագվորյանի մեկնաբանությամբ ներկայացվել է «Տոկատ և ֆուգա ռե մինոր» (Դորիական, BWV538), Թերեզա Ոսկանյանի կատարմամբ՝ «Ֆանտազիա դո մինոր» (BWV562) և նուրբ, քնարական «Գառնուկները կարող են ապահով լինել» («Որսորդական կանտատ»-ից, BWV208)՝ սոպրանո Գայանե Մաթևոսյանի և ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանի մասնակցությամբ։
Լուսինե Հարությունյանը ներկայացրել է «Պաստորալ ֆա մաժոր» (BWV590), իսկ Արմեն Աղաջանյանն ու թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը հանդես են եկել երգեհոնի և թավջութակի համար գրված №3 սոնատով (սոլ մինոր, BWV1029)՝ ստեղծելով առանձնահատուկ ներդաշնակություն։
Երեկոյի ավարտին Աննա Բակունցի կատարմամբ հնչել է հանրահայտ «Տոկատ և ֆուգա ռե մինոր»-ը (BWV 565)։