Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում
Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբիան նոյեմբերի 6-ին Երևանում հանդես է եկել մենահամերգով՝ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում։
Երեկոյի ընթացքում հնչել են Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի երգեհոնային ստեղծագործություններ, ինչպես նաև Խուան դե լա Ռուբիան հայ հանդիսատեսին առաջին անգամ ներկայացրել է բարոկկո և վերածննդի դարաշրջանների իսպանական երգեհոնային երաժշտություն։
Փառատոնի շրջանակում ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ․ հրավիրյալ օտարերկրյա երգեհոնահարները իրենց ելույթներն ավարտում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Խուան դե լա Ռուբիան ընտրել էր Կոմիտասի «Խորհուրդ խորին»-ը, որը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից։
Սա երաժշտի առաջին այցն էր Հայաստան։ Ինչպես նշում է Խուան դե լա Ռուբիան, սա հրաշալի հնարավորություն է՝ ճանաչելու երկիրը, մշակույթը։ Սակայն, ըստ նրա, փառատոնին մասնակցելու գլխավոր և ամենահետաքրքիր պատճառը հենց գործիքն է՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղադրված բարձրորակ երգեհոնը, ինչպես նաև համերգասրահը՝ գերազանց ակուստիկայով, որը որոշ առումով հիշեցնում է Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի հնչեղությունը։ Երաժիշտը նշում է, որ համերգի ծրագիրը կազմել է հատուկ այս գործիքի առանձնահատկություններին համապատասխան՝ ընդգրկելով բարոկկո և վերածննդի դարաշրջանների ստեղծագործություններ։
Համերգն իրականացվել է Իսպանիայի Թագավորության դեսպանության աջակցությամբ: