Նորություններ

img-58_YNRaX.jpg
07 05 2026

Բախ և Նարեկացի՝ հավերժական երաժշտական երկխոսություն

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 6-ին տեղի է ունեցել Գերմանիայից ժամանած կլավեսինահար Վարվառա Մանուկյանի և հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանի «Բախ և Նարեկացի՝ հավերժական զրույցներ» խորագրով համերգը։

Երեկոյի սկզբում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ներկայացրել է կատարողների կենսագրությունն ու ստեղծագործական ուղին։

Համերգի ընթացքում հնչել են բարոկկո և հայկական հոգևոր երաժշտության ստեղծագործություններ՝ ձևավորելով յուրահատուկ երկխոսություն արևմտաեվրոպական և հայկական երաժշտական ավանդույթների միջև։ Հայկական վիոլան ինքնատիպ երաժշտական գործիք է, որը ստեղծվել է միջնադարյան հայկական ջութակի և եվրոպական բարոկկոյի հնագույն գործիքների սինթեզի հիման վրա։ Այս գործիքի միակ կատարող երաժիշտն աշխարհում այսօր համարվում է Գրիգոր Առաքելյանը։

Ծրագրում հնչել են Բախի սոնատներ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար, «Սարաբանդա»՝ թավջութակի 5-րդ սյուիտից, ինչպես նաև կոմիտասյան ստեղծագործությունների մի փունջ՝ «Անտունի», «Ես աղջիկ եմ», «Ալագյազ», «Խնկի ծառ», «Երկինքն ամպել է», «Առնեմ երթամ», «Զար-զընգը», որոնք ներկայացվել են հայկական վիոլայի և կլավեսինի նորովի մեկնաբանությամբ։

Հնչել են նաև Գրիգոր Առաքելյանի «Գոհար վարդ» պոեմը՝ հիմնված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի վրա, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավուն» («Տաղ Հարության») ստեղծագործությունը՝ նոր երաժշտական մեկնաբանությամբ։

Համերգը վարել է երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։


Поделиться
Класс