Արտաշես Մկրտչյան․ 75-ամյակ և ստեղծագործական գործունեության 55 տարի
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 16-ին կայացել է հոբելյանական համերգ՝ նվիրված անվանի ջութակահար, Համամիութենական և Բորոդինի անվան քառյակի մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի հիմնադիր և Հայֆիլհարմոնիայի մենակատար Արտաշես Մկրտչյանի ծննդյան 75-ամյակին և ստեղծագործական գործունեության 55-ամյակին։
Համերգը հանդիսացել է երաժշտական նշանակալի իրադարձություն՝ միավորելով վարպետին և նրա սաներին նույն բեմում։ Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել Արտաշես Մկրտչյանը, դաշնակահարներ Հասմիկ Տեր-Անտոնյանը և Շուշան Արևշատյանը ինչպես նաև նրա տարբեր սերունդների աշակերտները՝ ներկայացնելով բազմաժանր և բարձրարվեստ ծրագիր։
Համերգային ծրագրում հնչել են համաշխարհային դասական երաժշտության նշանավոր ստեղծագործություններ՝ Յոհաննես Բրամս, Էռնեստ Շոսոն, Անտոնին Դվորժակ, Մորիս Ռավել, Էժեն Իզայի, Կլոդ Դեբյուսի, Սերգեյ Ռախմանինով, Ֆրից Կրեյսլեր, Պաբլո Սարասատե։
Երեկոյի ընթացքում խոսքով հանդես է եկել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ շնորհավորելով վարպետին և բարձր գնահատելով նրա ներդրումը հայկական երաժշտական արվեստում։
Երեկոն ընդգծել է Արտաշես Մկրտչյանի արվեստի և մանկավարժական գործունեության նշանակալի դերը հայկական երաժշտական կյանքում՝ վկայելով նրա կողմից ձևավորված բարձրակարգ կատարողական դպրոցի շարունակականությունը։