Արմեն Արաբյան
Մասնաճյուղի ղեկավար
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր։
ՀՊԿԵ-ի տնօրեն Արմեն Արաբյանը դասական երաժշտության ուղղվածություն ունեցող կազմակերպությունների թրծված ու հմուտ կառավարիչ է:
1975 թվականին ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը` Արաբյանն աշխատանքի է անցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար: Նույն ժամանակահատվածում նա ջութակի դասեր է տվել Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում:
1978 թվականին որպես ջութակահար միանալով ՀԽՍՀ Ռադիոհեռուստապետվարչության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբին` 1988 թվականին ստանձնել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը:
1991-1993 թվականներին ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության տնօրենը: 1993 թվականին նշանակվել է ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Երկու տարի անց դարձել է ՀՀ տեղեկատվության նախարարության միջազգային կապերի վարչության պետ:
1996-1997 թականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալի պաշտոնում:
1997 թվականին Արաբյանը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը, իսկ 2009 թվականից ի վեր իր ստեղծագործական ողջ ներուժն ուղղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացման գործին:
2007 թվականից Ա. Արաբյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է, իսկ 2011 թվականին արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: