«Ցոլուն աստղեր». Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված կին կոմպոզիտորների ստեղծագործություններին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 6-ին կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Ցոլուն աստղեր» խորագրով համերգը՝ նվիրված հայկական և միջազգային երաժշտարվեստում նշանակալի ավանդ ունեցած հինգ կին կոմպոզիտորների ստեղծագործություններին։
Համերգը միավորել էր տարբեր ժամանակաշրջանների և գեղարվեստական մտածողության հեղինակների ստեղծագործությունները՝ ընդգծելով կին կոմպոզիտորների հարուստ ստեղծագործական ժառանգությունն ու նրանց նշանակալի ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում։
Երեկոյի ընթացքում հնչել են քնարական, հոգևոր և ժողովրդական ակունքներից սնվող երգչախմբային ստեղծագործություններ, որոնք արտացոլում էին հեղինակների բազմազան ստեղծագործական մտածողությունն ու ինքնատիպ երաժշտական լեզուն։
Ծրագրում ընդգրկված էին հայ ժամանակակից կոմպոզիտորներ Վարդ Մանուկյանի, Աննա Ազիզյանի, Նաիրա Դիվանյանի և Արմենուհի Կարապետյանի, ինչպես նաև գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Ֆաննի Մենդելսոնի ստեղծագործությունները։
Համերգն ավարտվել է Ֆաննի Մենդելսոնի՝ Հայնրիխ Հայնեի խոսքերով գրված «Գիշերն իջել է օտար ճանապարհներին» ստեղծագործությամբ, որի նուրբ ու հուզական հնչողությունը դարձել է երեկոյի խորհրդանշական եզրափակումը։
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարն է Քրիստինա Ոսկանյանը։