«Տաղարան» համույթի համերգը՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 15-ին՝ Արվեստի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ներկայացվել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Բարոկկո և ռոմանտիկ երաժշտություն» խորագրով համերգը։
Համերգին մասնակցությամբ հանդես է եկել Երկանյան դուետը՝ Սեդրակ Երկանյանը և Կամիլա Երկանյանը։ Այնուհետև ելույթ է ունեցել «Տաղարան» համույթը՝ սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Առաքելյանի մասնակցությամբ։ Համերգը ղեկավարել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Ծրագրում հնչել են եվրոպական դասական երաժշտության նշանավոր էջերից ընտրված ստեղծագործություններ՝ Ռոբերտ Շումանի «Պոետի սերը» շարքի հուզական դրվագները, Բենեդետտո Մարչելլոյի նուրբ «Il mio bel foco»-ն, Գեորգ Ֆրիդերիկ Հենդելի օպերային դրամատիզմը, Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ կոնցերտները, ինչպես նաև Ֆրիդերիկ Շուբերտի և Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։