«Նվիրում». «Տաղարան» համույթի համերգը՝ նվիրված վաստակաշատ արվեստագետների
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 25-ին տեղի է ունեցել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Նվիրում» խորագրով համերգը՝ նվիրված Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանի, հայ երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովայի, Հայ Առաքելական եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Կյուրեղ Տալյանի և երաժշտասեր և բարերար Ռուբեն Բաբայանի լուսավոր հիշատակին։
Համերգի մեկնարկին արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով երեկոյի գաղափարական խորհուրդը և անդրադառնալով այն արվեստագետների թողած մշակութային ժառանգությանը, որոնց հիշատակին նվիրված էր համերգը։
Համերգային ծրագրում ընդգրկված էին համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր հեղինակների՝ Հենրի Փըրսելի, Յոհանն Սեբաստիան Բախի, Անտոնիո Վիվալդիի, Ջիովաննի Պերգոլեզիի, Ֆրանց Շուբերտի, Տոշիմո Մաշիմայի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Միքաել Կոկժաևի, Ալեքսանդր Դոլուխանյանի և Կոնստանտին Պետրոսյանի ստեղծագործությունները։
Համերգին մասնակցել են մենակատարներ՝ մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը, սոպրանո Լիանա Սիմոնյանը, սոպրանո Մարգարիտա Օքրոյանը, մեցցո-սոպրանո Դոնարա Ադամյանը, կլառնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը, սաքսոֆոնահար Իրինա Գասպարյանը, դաշնակահարներ Էլեն Կիրակոսյանը և Լուսինե Կարապետյանը։
Համերգը ղեկավարել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեդրակ Երկանյանը։