«Հովեր» երգչախումբն ու Վահագն Հայրապետյան տրիոն՝ հայկական ժողովրդական երգերի ջազային մեկնաբանությամբ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգը՝ «Հայկական ժողովրդական երգերի մշակումներ» խորագրով։
Համերգային երեկոն նվիրված էր հայկական ժողովրդական երաժշտության հարուստ ժառանգությանը՝ ներկայացված ժամանակակից երաժշտական մեկնաբանությամբ։ Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Ապարանի և Համշենի ժողովրդական երգերը, որոնց ինքնատիպ մեղեդիները նոր հնչողություն են ստացել ջազային մշակումների շնորհիվ։
Համերգի ընթացքում հնչել են «Մեր հայաթը դիփ քյալամ ու բողկ ա», «Յար, մտքիդ մեռնիմ», «Գնացիր, մնացիր», «Հազարներից քեզ եմ սիրել», «Սինե, Սինե, Սինամե» և այլ ժողովրդական երգեր՝ Վահագն Հայրապետյանի մշակմամբ։
Ծրագրում ընդգրկված էին նաև համշենական «Սիրուն աղճիկ» և «Էլլա, էլլա» երգերը՝ Աննա Ազիզյանի մշակմամբ, «Առնեմ էլնեմ Ալագյազ»՝ Վահագն Բաբլոյանի մշակմամբ, ինչպես նաև «Երկինքն ամպէ, հովն անուշ»՝ Էդգար Հովհաննիսյանի մշակմամբ։
Երգչախումբը հանդես է եկել Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ ելույթ են ունեցել Ամալյա Թորոսյանը, Անի Հովակիմյանը, Էդգար Վարոսյանը, Արամո Մամիկոնյանը և Ազատ Հովհաննիսյանը։