Նորություններ

dsc06982_Hd14-.jpg
30 10 2026

«Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համերգը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, հոկտեմբերի 28–29-ին անցկացվել են Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ, այդ թվում՝ անվանի հայագետ, լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումները։

Հոբելյանական միջոցառումների շարքը եզրափակվել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։

Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։ Նա ընդգծել է, որ եզրափակիչ համերգը մեկտեղում է հայկական մշակութային ժառանգության տարբեր շերտերը՝ լեզուն, բանահյուսությունը, ճարտարապետությունն ու երաժշտական ավանդույթները` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը արարող և ստեղծող է, իսկ հայկական մշակույթն իր ուրույն տեղն ունի համաշխարհային մշակույթի գունապնակում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Նայեֆ ալ Ֆայեզը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Պատվիրակության կազմում են եղել նաև Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը և կենտրոնի գեղարվեստական մասով փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

Երաժշտական երեկոյի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ՝ համադրելով ազգային երաժշտական ավանդույթներն ու ժամանակակից ջազային հնչողությունը։ Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Ապարանի և Համշենի ժողովրդական երգերը։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։

Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ։


Поделиться
Класс