«Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ»․ հնչյունի և խոսքի միասնությունը մեկ բեմում
Երևանի պետական կամերային երգչախումբն ու երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին ապրիլի 1-ին ներկայացրել են Կոմիտասյան բացառիկ համերգային ծրագիր։
«Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգի հիմքում Կոմիտաս վարդապետի բազմաշերտ ժառանգությունն է՝ որպես հնչյունի և խոսքի անքակտելի միասնություն։ Ծրագիրը համադրում էր նրա երաժշտական և բանաստեղծական աշխարհները՝ ստեղծելով խորապես հուզական և ամբողջական գեղարվեստական պատկեր։
Երեկոյի առաջին հատվածում հնչել են Կոմիտասի աշխարհիկ երգերի խմբերգային մշակումները, երկրորդ հատվածում ներկայացվել է Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Ստեղծագործությունը, որն առաջին անգամ ամբողջական կազմով հնչել է նույն դահլիճում 25 տարի առաջ, վերադարձել է նոր մեկնաբանությամբ՝ պահպանելով իր արդիականությունը։
Համերգին մասնակցել է նաև «Կա Վե Արտ» անսամբլը, որպես մենակատարներ հանդես են եկել Նելլի Քալաշյանը, Ժաննա Դավթյանը, ինչպես նաև որպես հատուկ հյուր՝ դուդուկահար Արսեն Պետրոսյանը։ Համերգը ղեկավարել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանը։
Համերգը երրորդն էր Վահան Արծրունու հոբելյանական համերգաշարի շրջանակում՝ նվիրված նրա 60-ամյակին և ստեղծագործական գործունեության 40-ամյակին։