«Կաթիլ» խմբի ազգային շնչով համերգը՝ Կամերայինի բացօթյա բեմում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հուլիսի 10-ին կայացել է «Կաթիլ» խմբի «Ամռան գիշեր» խորագրով համերգը, որը համախմբել էր ազգային երաժշտության սիրահարներին։
Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և հեղինակային սիրված երգեր՝ ներկայացված «Կաթիլ» խմբի ինքնատիպ մշակումներով և բարձրարվեստ կատարումներով։
Ծրագրում ընդգրկված էին «Ակն», «Լազպարի», «Խիո խիո», «Կալին խոտը», «Հովերին», «Բռուն», «Ըմ խորոդիկ», «Ցայգանվագ», «Գերմեր», «Կուզիմ», «Աղբրի ճամբին», «Ռիննո», «Զուրփիջինե աղջքենին», «Սոնա յար», «Կաքավիկ» և այլ ստեղծագործություններ, որոնք «Կաթիլ» խմբի յուրահատուկ մատուցմամբ ընդգծել են հայկական երաժշտության հարուստ գունապնակն ու ազգային երգարվեստի ոգին։
Համերգի ավարտին հնչել է Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը՝ ամբողջացնելով երեկոյի երաժշտական տրամադրությունը։
Բաց երկնքի ներքո հնչած ազգային մեղեդիները ստեղծել են առանձնահատուկ մթնոլորտ՝ ամառային երեկոն վերածելով իսկական երաժշտական տոնի և հանդիսատեսին պարգևել գեղեցիկ ու անմոռանալի երաժշտական ապրումներ։